ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սանթա Քլաուսն ընտրում է էլեկտրական տեխնոլոգիաները
25 Դեկտեմբեր 2017
Մինչ աշխարհի կաթոլիկներրն ու բողոքականները նշում են Սուրբ Ծնունդը, բազում կատակների հերոս դարձած բրիտանացի գիտնականները, իսկ ավելի ստույգ բրիտանական Renault Retail Group հոլդինգի մասնագետները հաշվարկել են, թե ինչ ազդեցություն է թողնում Սանթա Քլաուսի գործունեությունը իրենց երկրի շրջակա միջավայրի վրա:
Այսպես, պարզվեց, որ նվերներ բաժանելու համար Սանթա Քլաուսն ու իր էլֆերը չորս օրվա ընթացքում 1000 նվեր բաժանելու համար պետք է անցնեն շուրջ 1320 կմ, իսկ այդ ընթացքում նրան տեղափոխող եղնիկները արտանետում են 60 կգ CO2 գազին համարժեք մեթան և սպառում են 110 հատ գազար մեկ կիլոմետրի համար, ինչը Մեծ Բրիտանիայի գներով կամզում է 6,7 ֆունտ մեկ կիլոմետրի համար:
Ավելին, մինչ այդ Սանթա Քլաուսի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Լապլանդիայում, հաշվարկել էր, որ ողջ աշխարհով մեկ նվերներ հասցնելու համար իրենց տրամադրության տակ գտնվող «եղնիկային քարշակով» սահնակները հաղթահարում են շուրջ 196 միլիոն կիլոմետր՝ արտանետելով ավելի քան 40500 տոննա մեթան: Այս պարագայում լուծումը կարող էր լինել միայն մեկը՝ էլեկտրական սահնակ:
Այս բարդ խնդրի լուծումը որոնելիս՝ Սանթան այցելեց Renault-ի ավտոսրահներից մեկը, որտեղ զարմացած մենեջերը նրան ներկայացրեց ամբողջովին էլեկտրական Renault ZOE ավտոմեքենան:
Առաջարկն ընդունելով՝ կաթոլիկ Ձմեռ Պապը չորս օրվա ընթացքում հաղթահարեց հազարից ավել կիլոմետր՝ նվերներ հասցնելով ոչ միայն իր ճանապարհորդությանը սոցիալական ցանցերով հետևող մարդկանց, այլև առողջական խնդիրեր ունեցող հարյուրավոր երեխաների:
Էշլի Ուեյդը, Renault Retail Group հոլդինգի թվային մարքեթինգի մենեջերը ակցիայի ավարտից հետո նշեց. «Մենք իսկապես տպավորված ենք այն ընդունելությունից, որին հանդիպեցինք մեր ուղևորության ընթացքում: Այն շատ ծանրաբեռնված էր, մեր էլեկտրական սահնակը նույնիսկ բախվեց մի մոպեդի: Իսկ ամենից կարևոր է այն, որ որպես մարքեթինգային միջոցառում դիտարկվող ակցիան շատ արագ վերածվեց իսկական հրաշքի՝ հիշեցնելով մեզ, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Սուրբ Ծննդի տոնակատարությունը:»
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: