ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
VOLVO ընկերությունն ակտիվորեն փորձարկում է ինքնավար տեխնոլոգիաները
13 Դեկտեմբեր 2017
Շվեդական Volvo ընկերությունը նախաձեռնել է իր իսկ նախագծած ինքնավար համակարգի ակտիվ ճանապարհային փորձարկումները՝ համագործակցելով հանրահայտ Uber ծառայության հետ, ինչպես նաև իրականացնելով սեփական ծրագրեր մասնավոր սեգմենտում:
Վերջերս ստորագրված պայմանագրի համաձայն Volvo-ն 2019-2021 թթ ընթացքում Uber-ին կտրամադրի ինքնավար համակարգով սարքավորված շուրջ 24000 ավտոմեքենա՝ հիմնականում XC90 ամենագնացներ: Այդպիսի մի քանի փոխադրամիջոց արդեն իսկ փորձարկվում է Արիզոնա և Փենսիլվանիա նահանգներում: Ավտոմեքենաները հասանելի են ընդհանուր պատվերների համար, սակայն յուրաքանչյուր ուղևորություն իրականացվում է Uber-ի երկու ինժեներների ուղեկցությամբ:
Սրան զուգահեռ Volvo-ն իրականացնում է Driver Me նախագիծը, որի շրջանակներում երկու ընտանիք իր առօրյայում կփորձարկի նույն XC90 մոդելը: Օգտատերերից ստացված արձագանքի հիման վրա Volvo-ի ինժեներները կշտկեն ինքնավար համակարգի աշխատանքի ալգորիթմները:
Ավտոմեքենաները ունակ են վերլուծել վարորդի վարքն ու ճանապարհային իրավիճակը՝ կիրառելով համապատասխան ֆունկցիան և ակտիվացնելով անհրաժեշտ համակարգը: Սկզբնական շրջանում վարորդը պարտավոր է ձեռքերը պահել ղեկին, սակայն որոշ ժամանակ անց ծրագրի մասնակիցների տրամադրության տակ կլինեն ավելի ինքնուրույն և մարդու միջամտություն չպահանջող մոդելներ:
Ինչպես նշում են Volvo-ի ինժեներները, ինքնավար համակարգը դուրս չի բերվի զանգվածային շուկա, մինչև մասնագետները համոզված չլինեն, որ այն լիակատար անվտանգ է: Ենթադրվում է, որ ինքնավար ավտոմեքենայի փորձարկումները կշարունակվեն մինչև 2021 թ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: