ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Fisker-ը ներկայացրեց «խելացի» քաղաքների համար նախատեսված էլեկտրական ինքնավար ավտոմեքենան
04 Դեկտեմբեր 2017
Fisker ընկերությունը, որը պատկանում է Aston Martin-ի նախկին դիզայներ Հենրիկ Ֆիսկերին, ցուցադրեց կոնցեպտուալ Orbit ինքնավար ավտոմեքենան: Ակնկալվում է, որ այն պետք է կիրառվի «խելացի» քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերում, իսկ վաճառքի կհանվի արդեն 2018 թ. հոկտեմբերին: Նորույթի թիզերը տեղադրված է Ֆեյսբուքի ընկերության պաշտոնական էջում:
Այս շաթլը կսարքավորվի էլեկտրական ուժային ագրեգատով, ինչպես նաև կստանա համացանցին միանալու և ճանապարհային ենթակառուցվածքների հետ փոխհամագործակցելու լայն հնարավորություններ: Ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը թափքի կողային ապակյա պանելների վրա առկա դիսփլեյն է, որի վրա կարտացոլվեն երթուղուն առնչվող տեղեկությունները:
Հետաքրքրական է, որ Orbit-ի կառուցման հարցում Fisker-ը համագործակցելու է չինական Hakim Group ընկերության հետ, որը հայտնի է «խելացի» շենքերի և քաղաքների համար իրականացվող ծրագրային լուծումներով: Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ այս ավտոմեքենան «հիմք կդառնա ԱՄՆ-ում ինքնավար տրանսպորտային փոխադրումների համար»:
Հիշեցնենք, որ Fisker-ի մյուս մոդելը, որի վրա արդեն վաղուց աշխատում է ընկերությունը, էլեկտրական EMotion սպորտկարն է, որի հիմքում ընկած կարբոն-ալյումինե հենահարթակը: Ակնկալվում է, որ լիթիում-իոնային մարտկոցների փոխարեն այս ավտոմեքենան սարքավորվելու է գրաֆիտային սուպերկոնդենսատորներով, ինչի շնորհիվ դրա ընթացքի պաշարը կգերազանցի 640 կմ, իսկ առավելագույն արագությունը կհասնի 260 կմ/ժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: