ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրամոբիլների տարածման հեռանկարները Հայաստանում
14 Նոյեմբեր 2017
«Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ-ի գրասենյակում «Ավտոպլյուս» վերլուծական գործակալության ինֆորմացիոն աջակցությամբ կայացավ Էլեկտրամոբիլների տարածման համար առկա պայմանները և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցեցին խնդրին առնչվող տարբեր ոլորտների, այդ թվում պետական մարմինների, ՀԷՑ-ի, «Երեք կետ» գիտատեխնիկական ասոցիացիայի և պաշտոնական ավտոդիլերների ներկայացուցիչներ։
Երևան, 14 նոյեմբեր, 2017 թ. – «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ կողմից իրականացվող Հայաստանում էլեկտրամոբիլների տարածմանն և զարգացմանն ուղղված «Կանաչ ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում և «Ավտոպլյուս» վերլուծական գործակալության ինֆորմացիոն աջակցությամբ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` նվիրված Հայաստանում էլեկտրական ավտոմեքենաների ոլորտի զարգացման հեռանկարներին: Այն առաջինն էր նմանատիպ միջոցառումների շարքում և կոչված էր մատնանշել նշված խնդրի լուծման համար երկրում առկա պոտենցիալն ու հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև պարզել, թե ինչ ընթացք է ստացել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 12-ի համապատասխան հանձնարարականը:
Հանդիպմանը հրավիրված և ակտիվ մասնակցություն ցուցաբերած հյուրերի շարքում էին նաև ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Բնապահանության նախարարության մասնագետները, որոնք մանրամասն ներկայացրեցին թե համապատասխան գերատեսչության լիազորությունների ծավալը, թե այն հնարավոր լուծումները, որոնք կարող են նպաստել Հայաստանում ավտոպարկի «էլեկտրականացմանը»: Քննարկման ընթացքում բազմիցս կարևորվեց արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունն ու դրա թիրախային կիրառումը մեր հանրապետությունում: Հայաստանում գործող պաշտոնական ներկայացուցչություններից հանդես եկավ ԱՎՏՈԳՐՈՒՊ հոլդինգի Renault ավտոմեքենաների ներկրման և իրացման բաժնի պետ Արման Թադևոսյանը՝ նշելով, որ ցանկացած լուծում, որը կխթանի էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումը և հետագա իրացումը, ողջունելի կլինի շուկայի հիմնական մասնակիցների կողմից:
Առանձնակի ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքին, որ էլեկտրական ավտոմեքենաների (էլեկտրամոբիլների) պոտենցիալ գնորդներին տրվող բոլոր հնարավոր արտոնություններն առանձին-առանձին չեն կարող լուծել խնդիրն առանց համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման: Այս հարցում կարևոր էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչ՝ Միքայել Կուդոյանի հաստատումը, որ ՀԷՑ-ի ենթակառուցվածքները գործնականում կարող են տրամադրել անհրաժեշտ հզորությունները՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նախնական քարտեզի տրամադրման և պահանքվող վայրերում ներդրումային ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման պայմանով:
Ամփոփելով հանդիպումը՝ «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ գործընթացն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է իրականացնել բոլոր քայլերը ստեղծված իրավիճակում Հայաստանի մրցակցային առավելությունները, այդ թվում արևային էներգիայի գրեթե անսպառ աղբյուրի առկայությունը, օգտագործելու համար: Սա ոչ միայն կնպաստի էլեկտրամոբիլների թվի մեծացմանը, այլև կհանդիսանա Հայաստանի էներգետիկ անկախության հիմնասյուներից մեկը:
Ներկաները համաձայնեցին, որ այս ձևաչափի հանդիպումները պետք է դառնան պարբերական և պատրաստակամություն հայտնեցին շարունակել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգռված կողմերի մասնակցությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: