ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 Corvette ZR1 սուպերկարը վերադառնում է
13 Նոյեմբեր 2017
Chevrolet-ն այսօր ներկայացրեց 2019 Corvette ZR1 ավտոմեքենան, որն առավելագույն մակարդակի է հասցնում Corvette շարքի ավանդույթները՝ ներառելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները այս մոդելի արտադրության ողջ պատմության մեջ: «Ես երբեք նման Corvette չեմ վարել, և կարելի է ասել, որ ոչ մեկն էլ չի վարել, քանի որ այսպիսի ավտոմեքենա երբևէ չի էլ եղել»,- շնորհանդեսի ընթացքում ասաց Մարկ Ռոյսը, արադրանքի գլոբալ զարգացման գծով գործադիր փոխտնօրենը:
Ավելի հզոր, քան երբևէ
Ինչպես արդեն նշվեց մոդելի գլխավոր մեխը նոր 6,2-լիտրանոց ութ գլանանի LT5 շարժիչն է: Բացառապես Corvette ZR1-ի համար առաջարկվող LT5 շարժիչն ապահովում է 755 ձ.ուժ (563 կՎտ) հզորություն և 969 Նմ ոլորող մոմենտ և հանդիսանում է արտադրողականության նոր չափորոշիչ: Այն սարքավորված է շարժակային մղիչով և առաջին անգամ General Motors ընկերության ինժեներների կողմից կիրառվող կոմբինացված ներարկման համակարգով: Եվ չնայած նրան, որ այս շարժիչը հանդիսանում է նախկինում Chevrolet Corvette Z06-ի վրա տեղադրվող LT4 ուժային ագրեգատի կատարելագործված տարբերակը, այն միևնույն ժամանակ ամենահզորն է, որ երբևէ տեղադրվել Corvette ավտոմեքենաների վրա:
Ավելի արագ, քան երբևէ
2019 Corvette ZR1-ի ագրեսիվ կեցվածքը պայմանավորվում է նաև դրա ֆունկցիաներով և այն հանգամանքով, որ ձեր առջև մինչ օրս արտադրված ամենաարագ Corvette-ն է:
Գնորդն իր ընտրությամբ կարող է ձեռք բերել երկու փոխանցումատուփերից որևէ մեկը՝ յոթաստիճան մեխանիկական և ութաստիճան ավտոմատ: Ճիշտ է՝ արտադրողը դեռևս չի հայտարարել, թե դրանցից որ մեկն է ապահովում նշվող 338 կմ/ժ արագությունը, ինչպես նաև անհայտ է թողել, թե որքան ժամանակ է պահանջում 0-ից մինչև 100 կմ/ժ թափառքը: Մեքենան ստացել է կատարելագործված աերոդինամիկ փաթեթ, որը ներառում է թե «ցածր», թե «բարձր» հակաթևը, որոնք համապատասխանաբար նախատեսված են մրցուղիներում և առօրյա վարման ընթացքում օգտագործելու համար: Ըստ նախագծողների նոր աերոդինամիկան թույլ է տվել 70%-ով մեծացնել սեղմիչ ուժը Chevrolet Corvette Z06 մոդելի հետ համեմատ: Առանձնակի ուշադրություն է հատկացվել թափքի առաջնամասում առկա օդակլանիչներին, քանի որ Chevrolet Corvette ZR1 սարքավորված է տասներեք ռադիատորներով, որոնք սառեցնում են զանազան հանգույցներ և ագրեգատներ:
Մյուս առանձնահատկություններից հիշատակման են արժանի ակտիվ փականններով արտաթողման համակարգը, կարբոն-կերամիկական արգելակները, էլեկտրոնային կառավարմամբ մեղմիչներն ու հատուկ այս մոդելի համար առաջարկվող ցածր պրոֆիլով սպորտային Michelin Pilot Super Sport անվադողերը՝ 285/30 ZR19 առջևի և 335/25 ZR20 հետևի անիվների վրա:
Սպորտային սուպերկարին բնորոշ այս բոլոր տարրերով հանդերձ՝ Chevrolet Corvette ZR-ը հանգիստ կարող է օգտագործվել նաև որպես ամենօրյա կարիքները հոգացող ավտոմեքենա, ինչին նպաստում են հարմարավետ կաշեպատ սրահը, կլիմատ-կոնտրոլը և Bose մուլտիմեդիա համակարգը:
Ամենահզոր Corvette-ը վաճառքում կհայտնվի 2018թ գարնանը, սակայն ավտոմեքենայի արժեքն ու թողարկման քանակը դեռևս չեն հայտարարվել:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: