ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
GM կոնցերնը ներկայացրեց ջրածնով աշխատող ինքնավար բեռնատար շասսին՝ SURUS-ը
09 Նոյեմբեր 2017
General Motors ընկերությունը ցուցադրեց SURUS ինքնավար բեռնատար շասսիի կոնցեպտը, որի վրա տեղադրված է վառելիքային բջիջների վերջին սերնդի Hydrotec համակարգը: Ինչպես հաղորդում են ընկերությունից՝ SURUS-ը «կօգնի լուծել ամենաբարդ տրանսպորտային խնդիրները, որոնք կարող են առաջանալ տարերային աղետների հետևանքով, գլոբալ ռազմական բախումների արդյունքում կամ պարզապես դժվարանցանելի լոգիստիկ միջավայրի պատճառով»:
SURUS (Silent Utility Rover Universal Superstructure) հարթակը սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչով, ինչպես նաև լիթիում-իոնային մարտկոցների բոլոկով և ամբողջությամբ կառավարելի շասսիով: Նախատիպի ընթացքի հայտարարված պաշարը շուրջ 640 կիլոմետր է: Ենթադրվում է, որ հարթակի կոմերցիոն տարբերակը կարող է հարմարեցվել նաև զինվորական կարիքների համար:
SURUS-ի ենթադրյալ գործառույթների ցանկը չափազանց լայն է: Այն կարող է ծառայել որպես արևային մարտկոցներով սնուցվող շարժական էլեկտրակայան, բարդ տեղանքներում գործածվող շտապօգնության մեքենա, պարզապես բեռնատար ավտոմեքենա կամ ինքնավար բեռնատար հարթակ:
Այս կոնցեպտի ստեղծումն իրականացվում է վերջերս GM-ի կողմից ներկայացված նոր գաղափարախոսության շրջանակներում, որի համաձայն ընկերությունը պատրաստվում է հրաժարվել ներքին այրման շարժիչներից և անցնել միայն զրոյական արտանետումներով տեխնոլոգիաների: Այս անցման առաջին փուլը կսկսվի մոտակա 18 ամսվա ընթացքում երկու նոր էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունից (ի լրումն արդեն իսկ մոդելային շարքում առկա Chevrolet Bolt և Volt ավտոմեքենաների): Ընդհանուր առմամբ նախատեսվում է մինչև 2030թ. թողարկել շուրջ 20 նոր մոդել:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: