ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ցուցադրվել է Polestar 1 հիբրիդային կուպեն:
18 Հոկտեմբեր 2017
Polestar ընկերությունը, որը նախկինում հանդիսացել է Volvo-ի թյունինգ-աթելիեն, իսկ այժմ ներկայանում է որպես շվեդական այդ ապրանքանշանին պատկանող առանձին ավտոարտադրող, լայն հասարակությանը ներկայացրել է ինքնուրույն նախագծած իր առաջին մոդելը՝ Polestar 1 անվանումը ստացած կուպեն, ինչն աներկբայորեն մատնանշում է, որ ընկերությունը պատրաստվում է, ինչպես և հայտարարվել էր ամռանը, ոչ ավել, ոչ պակաս մրցակցել Tesla-ի հետ:
Ճիշտ է՝ առաջին մոդելն ամբողջովին էլեկտրական չէ, այն սարքավորված է փլագին հիբրիդային ուժային ագրեգատով, որի ընդհանուր հզորությունը կազմում է 600 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտի ցուցանիշը հասնում է 1000 Նմ: Միայն էլեկտրական քարշակմամբ այս ավտոմեքենան կարող է անցնել մինչև 150 կմ:
Polestar 1-ի ուժային ագրեգատը բաղկացած է երկու լիտր ծավալով բենզինային քառագլան տուրբոշարժիչից, որն աշխատացնում է առջևի անիվները, և հետևի սռնու վրա տեղադրված երկու էլեկտրական շարժիչներից: Վերջիններիս օգնությամբ Polestar-ն իրականացնում է քարշուժի վեկտորի վեահսկումը, որի շնորհիվ ոլորող մոմենտը բաշխվում է անիվների միջև:
Մոդելը կառուցված է Volvo-ի SPA կոչվող մոդուլային հենահարթակի հիման վրա: Polestar 1-ն առաջին անգամ աշխարհում սարքավորվում է Öhlins ընկերության կողմից նախագծած CESi ակտիվ կախոցով: Կախոցի յուրաքանչյուր կանգնակը սարքավորված է էլեկտրոնային եղանակով կառավարվող փականներով, որոնք հարմարվում են վարորդի վարելաոճին և ճանապարհային իրավիճակին՝ համապատասխանաբար փոփոխելով իրենց կոշտությունը: Կախոցի կարգավորումները կարելի է կառավարել նաև սրահից՝ հատուկ կոճակների օգնությամբ:
Կուպեի թափքի պանելների մեծ մասը պատրաստված է կարբոնից, ինչը թույլ է տվել նվազեցնել ավտոմեքենայի զանգվածը 230 կիլոգրամով և ևս 45 տոկոսով մեծացնել թափքի ոլորքի կոշտությունը:
Polestar 1 մոդելի արտադրությունը կազմակերպվելու է ընկերության գործարանում, որը գտնվում է չինական Չենդու քաղաքում: Polestar առաջին կուպեն կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ երկամյա կամ եռամյա բաժանորդագրության սկբունքով, որը ենթադրում է ապահովագրության, տեխսպասրակման և լվացման ծախսերի նվազեցում ամենամսյա վճարումների դեպքում:
Մեքենայի փականները կարելի է արգելաբացել բջջային հեռախոսի հատուկ հավելվածի միջոցով, իսկ վարորդն իր հերթին կարող է փոխանցել էլեկտրոնային բանալին նաև այլ մարդկանց:
Ընկերությունում նշում են, որ բացառությամբ այս առաջին մոդելի, Polestar-ի մնացած բոլոր տարբերակները կլինեն բացառապես էլեկտրական: Այսպես, հաջորդ ավտոմեքենան՝ Polestar 2-ը կներկայացվի 2019 թ.-ին: Այն կփորձի մարտահրավեր նետել Tesla Model 3-ին: Ավելի ուշ ավտոարտադրողի մոդելային շարքը կհամալրվի նաև էլեկտրական քրոսովերով, որը ենթադրաբար կստանա Polestar 3 անվանումը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: