ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Geely-ն թարմացրել է Geometry G6 էլեկտրական սեդանը
14 Սեպտեմբեր 2023
Geely Geometry G6 սեդանը, որը հիմնված է Geometry A մոդելի վրա, թարմացվել է շուկա հանվելուց մեկ տարի անց։ Ընդ որում հիմնական փոփոխությունները վերաբերում են ոչ թե դիզայնին, այլ ընթացքի պաշարին, որը կրճատվել է մոտ տասնհինգ տոկոսով։ Մյուս կողմից զգալիորեն աճել է լիցքավորման արագությունը։ Այսպես, 30-ից 80 տոկոս լիցքավորման համար կպահանջվի ընդամենը 20 րոպե, իսկ ութ րոպեում հնարավոր կլինի հավաքել 100 կմ հաղթահարելու համար բավարար էներգիա։
Էլեկտրական Geometry G6-ը սարքավորված է առջևի սռնիին տեղադրված շարժիչով, որը զարգացնում է 204 ձիաուժ հզորություն։ Տեղից մինչև 100 կմ/ժ արագանալու համար սեդանից պահանջվում է 6,9 վայրկյան։ Որպես ընտրություն հասանելի է մարտկոցի երկու տարբերակ՝ 54 կՎտժ և 70 կՎտժ տարողունակությամբ, որոնք նախկինում ապահավում էին 480-620 կմ ընթացքի պաշար CLTC ցիկլում։ Այժմ այդ ցուցանիշը կրճատվել է համապատասխանաբար 70 և 120 կիլոմետրով։
Նորացված Geometry G6-ը առաջարկում է վարորդին օժանդակող 13 տարբեր լուծում, ներառյալ ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, ճանապարհային նշանների ճանաչման համակարգը և վթարային արգելակման ֆունկցիան։ Սրահում ուշադրություն են գրավում 10,2-դյույմանոց սարքավորումների վահանակն ու մուլտիմեդիա համակարգի 14,6-դյույմանոց էկրանը, որով կարելի է օգտվել Huawei ընկերության մշակած HarmonyOS օպերացիոն համակարգից։ Նորամուծությունների թվում է նաև կանաչ երանգով լրամշակումը, որը մինչ այդ հասանելի չէր G6-ի գնորդներին։