ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր սերնդի Peugeot 3008-ը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12 Սեպտեմբեր 2023
Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 3008 մոդելը, որը այժմ հանդես է գալիս որպես էլեկտրական քրոս-կուպե։ Ավելին, մոդլեը դարձել է ոչ միայն Peugeot-ի, այլև ամբողջ Stellantis կոնցերնի առաջին ավտոմեքենան, որը կառուցված է հատուկ էլեկտրական ավտոմեքենաների համար նախատեսված նորագույն STLA Medium հենահարթակի վրա։ Հիշեցնենք, որ նախորդ սերնդի 3008-ը ևս ուներ էլեկտրական մոդիֆիկացիա, բայց նորույթը բոլորովին այլ մոդել է։
Նոր Peugeot E-3008-ը առաջարկվում է երեք մոդիֆիկացիայով։ Բազային տարբերակը սարքավորվում է 73 կՎտժ NMC-մարտկոցով և մեկ էլեկտրական շարժիչով (214 ձիաուժ, 373 Նմ)։ Միջին տարբերակը՝ Dual Motor-ը, նախորդից տարբերվում է երկրորդ շարժիչի առկայությամբ, ինչը թույլ է տվել ընդհանուր հզորությունը հասցնել 326 ձիաուժի, իսկ ոլորող մոմենտը՝ 509 Նմ, ընդ որում թե առաջին, թե երկրորդ դեպքում ընթացքի պաշարը նույնն է՝ 525 կիլոմետր։ Եվ վերջապես առաջատարը՝ Long Range մոդիֆիկացիան, ունի 98 կՎտժ տարողունակությամբ մարտկոց և ունակ է մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 700 կմ։ Այն առաջարակվում է բացառապես առջևի քարշակմամբ, իսկ դրա էլեկտրական շարժիչը զարգացնում է 231 ձիաուժ հզորություն։
Քրոսովերի մարտկոցը կարելի է լիցքավորել մինչև 160 կՎտ հզորությամբ մշտական հոսանքի աղբյուրից։ Այս դեպքում 20-ից 80 տոկոս լիցքավորման համար կպահանջվի մոտավորապես 30 րոպե։ Բացի այդ, մեքենան աշխատաում է V1G և V2L տեխնոլոգիաներով։ Առաջինը թույլ է տալիս նվազագույնի հասցնել լիցքավորման արժեքը՝ ելնելով ցանցի հնարավորություններից, իսկ երկրորդը՝ մեքենայից լիցքավորել կենցաղային սարքերը, կամ անհատական շարժունակության թեթև միջոցները։ Արտադրողը նախատեսել է նաև ռեկուպերացիայի եռաստիճան համակարգ և մի քանի ընթացային ռեժիմ, այդ թվում 4WD (միայն միջին տարբերակի համար), որը կարելի է օգտագործել ձնածածկ կամ ցեխոտ ճանապարհներին, ինչպես նաև այլ սայթաքուն մակերևույթներով երթևեկելիս։
Ավելի ուշ Peugeot 3008-ի մոդելային շարքում կհայտնվեն փափուկ և լիցքավորվող հիբրիդները, ինչպես նաև միջազգային շուկաների համար նախատեսված և դեռևս թաքուն պահվող ինչ-որ ագրեգատ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, առանց E նախածանցի բազային մոդելը կսարքավորվի 1,2 լիտր ծավալով եռագլան տուրբոշարժիչով և 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի մեջ ներկառուցված 48-վոլտանոց էլեկտրական շարժիչով, իսկ ավելի հզոր մոդիֆիկացիան կառաջարկվի արդեն 1,6-լիտրանոց քառագլան տուրբոագրեգատով և ավելի տարողունակ մարտկոցով։
Ինչ վերաբերում է արտաքին փոփոխություններին, ապա այսուհետ 3008-ը հանդես է գալիս կուպեանման քրոսովերի կերպարով՝ դեպի հետ թեքված կանգնակներով, հետևի սփոյլերով և ֆասթբեքին բնորոշ դինամիկ ուրվագծով։ Սրահում ուշադրություն է գրավում Panoramic i-Cockpit լուծումը՝ 21-դյույմանոց կորագիծ դիսփլեյով, որը տեղադրված է ղեկից վերև և միավորում է սարքավորումների վահանակը, մուլտիմեդիա համակարգն ու պրոյեկցիոն դիսփլեյը։ Այսպիսի կոքպիտը հասանելի կլինի միայն առավել թանկ համալրման կազմում, մինչդեռ E-3008-ի բազային տարբերակը կառաջարկվի երկու առանձին 10-դյույմանոց էկրաններով։ Խոստացված են նաև ադապտիվ «պիքսելային» օպտիկա, ինչպես նաև առջևի նստատեղերի տաքացման և օդափոխման հնարավորություն։
E-3008-ի և դրա էլեկտրական քարշակի հիմնական բաղադրիչների արտադրությունը կկազմակերպվի Stellantis կոնցերնի ֆրանսիական գործարաններում։ Թրեմերի քաղաքում գտնվող Stellantis և Nidec համատեղ ձեռանրկությունը կարտադրի շարժիչները, իսկ Վալանսյենի գործարանը՝ ռեդուկտորները։ Իր վզերջնական տեսքը քրոսովերը կստանա Սոշո քաղաքում գտնվող գործարանի հոսքագծի վրա։ Ակնկալվում է, որ վաճառքի մեկնարկը կտրվի 2024 թվականի փետրվարին։