ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է էլեկտրական Lotus Emeya լիֆթբեքը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Սեպտեմբեր 2023
Բրիտանական Lotus ընկերությունը գաղտանզերծել է Emeya անվանումը ստացած էլեկտրական լիֆթբեքը։ Այն կառուցված է նույն հենահարթակի վրա, ինչը և Eletre քրոսովերը, և շուկա կհանվի 2024 թվականին։ Նորույթը խոստանում է ադապտիվ պնևմակախոց, ակտիվ աերոդինամիկա, սրահի շքեղ լրամշակում և 55 դյույմ անկյունագծով պրոյեկցիոն AR-դիսփլեյ, որի վրա կցուցադրվեն նավիգացիոն տվյլաները և էլեկտրոնային ասիստենտների ցուցումները։
Իր երրորդ էլեկտրական մոդելը Lotus-ը ընդգրկում է Hyper GT դասում, ինչը նշանակում է, որ առնվազն իմաստայնորեն Emeya-ն ավելի վեր է կանգնած, քան, օրինակ, Lamborghini Lanzador-ը, որը շրջանառվում է Ultra վեևտառմամբ։ Ինչպես և Eletre քրոսովերը, նորույթը կառուցված է Electric Premium Architecture (EPA) հենահարթակի վրա։ Ըստ էության, սա Sustainable Experience Architecture (SEA) հենահարթակի անվանումն է։ Դրա նախագծումը Geely-ից պահանջեց մի քանի տարի և շուրջ 2,5 միլիարդ դոլար։
Գործնականում SEA-S հենահարթակը կոչված է ապահովել էլեկտրամոբիլների չափանիշներով անհավանականորեն «մաքուր» փորձառնություն։ Դրան պետք է նպաստեն ադապտիվ պնևմակախոցը, որը ստուգում է ճանապարհածածկը վայրկյանում մինչև 1000 անգամ հաճախականությամբ, ինչպես նաև մտածված աերոդինամիկան։ Emeya-ի թափքը բառացիորեն հագեցած է տարատեսակ օդանցքներով, որոնց թիվը հասնում է ութի։ Դրանք օպտիմալացանում են օդի հոսքը մեքենայի շուրջ, ինչպես նաև թույլ են տալիս հովացնել արգելակները, շարժիչներն ու մարտկոցները։ Բացի այդ հասանելի կլինի ակտիվ աերոդինամիկ տարրերի համալիրը, որը ներառում է թափարգելի փականակներ, առջևի վահանակ, շարժական դիֆուզոր, ինչպես նաև երկմակարդակ սփոյլեր, որը գներացնում է 215 կգ սեղմիչ ուժ։
Emeya-ի ուժային ագրեգատների հավաքածուն ըստ էության փոխառած է Eletre-ից։ Լիֆթբեքի բազային տարբերակները կունենան երկշարժիչանի կառուցվածք, որը թույլ կտա զարգացնել 612 ձիաուժ հզորություն և 710 Նմ ոլորող մոմենտ։ R շարքի մեքենաների արտադրողականությունը կաճի մինչև 918 ձիաուժ և 985 Նմ։ Բոլոր մոդիֆիկացիաների համար առաջարկվում է 102 կՎտժ տարողունակությամբ մարտկոց, որի մեկ ամբողջական լիցքավորումը բավարար է 500-600 կմ հաղթահարելու համար։ Դինամիկ բնութագրերը թույլ են տալիս տեղից մինչև 100 կմ/ժ արագացումն իրականացնել 2,78 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 256 կմ/ժ։
Emeya-ի սրահի լրամշակման համար կիրառվում է ժամանակակից մանրաթելերի հիման վրա պատրաստված գործվածք, որը թույլ է տալիս նվազեցնել ինչպես ավտոմեքենայի քաշը, այդպես էլ՝ վնասակար արտանետումների ծավալը։ Այստեղ կհանդիպենք Ultrafabrics արհեստական կաշի, բնական նապպա, ալկանտարա, ինչպես նաև դեկորատիվ վերդիրներ, որոնց ալյումնե ծածկույթը իրականացվել է վակուումային եղանակով։ Բացի այդ, Lotus-ը կդառնա առաջին ավտոարտադրողը, որը կօգտագործի հագուստի և կարի արտադրության թափոնների վերամշակման արդյունքում ստացված բամբակե գործվածք։ Emeya-ի սարքավորումների ցանկը ներառում է նաև տարածական հնչողությամբ KEF աուդիոհամակարգ և 55 դյույմ անկյունագծով պրոյեկցիոն AR-դիսփլեյ։
Emeya-ի վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ բրիտանացիները կհրապարակեն մինչև ընթացիկ տարվա վերջ։ Չորսդռնանի այս մոդելի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել արդեն 2024 թվականից, իսկ որպես իրացման հիմնական շուկա դիտարկվում են Արևմտյան Եվրոպայի երկները։