ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Volkswagen ID.4 էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍՆԱՅՈՒԹ)
25 Սեպտեմբեր 2020
Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է ID.4 կոմպակտ էլեկտրական քրոսովերը, որը վաճառքի կհանվի միանգամից մի շարք շուկաներում: Ավտոմեքենայի արտաքինը նախագծված է էլեկտրական շարքի առաջնեկի՝ ID.3 հեչբեքի ոճով: Մեքենան կառաջարկի մինչև 520 կմ ընթացքի պաշար և ժամանակակից տեխնոլոգիաների հարուստ հավաքածու:
Ինչպես և «կրտսեր» մոդելը, քրոսովերը կառուցված է մոդուլային MEB հենահարթակի հիման վրա: Մեքենայի երկարությունը 4584 միլիմետր է, լայնությունը՝ 1852 մմ, իսկ բարձրությունը՝ 1612 մմ: Նորույթի անվային բազան կազմում է 2766 մմ, իսկ բեռնախցիկի ծավալը տատանվում է 543-ից մինչև 1575 լիտր՝ կախված նստատեղերի դիրքից: Որպես ընտրությոն հասանելի կլինեն 19-21 դյույմ տրամագծով անվասկավառակներ:
Ամբողջովին լուսադիոդային օպտիկան, ներառյալ եռաչափ պատկերով հետևի լապտերները հասանելի կլինի ID.4-ի արդեն բազային տարբերակում: Հավելավճարի դիմաց հնարավոր կլինի պատվիրել մատրիցային IQ.Light լուսարձակները՝ հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով:
Ֆիզիկական կոճակների թիվը սրահում հասցված է նվազագույնի: Volkswagen ID.4-ը սարքավորվում է 5,3-դյույմանոց թվային վահանակով և մուլտիմեդիա համակարգի 12-դյույմանոց սենսորային էկրանով, ընդ որում համակարգը կարելի է կառավարել նաև ձայնային հրահանգների օգնությմբ: Որպես օպցիա առաջարկվում է լրացված իրականության սկզբունքով աշխատող պրոյեկցիոն դիսփլեյը, որը դիմապակուն է արտացոլում նավիգացիոն համակարգի կարգադրությունները:
Սարքավորումների ցանկը ներառում է նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, կայանմանն օժանդակող համակարգ, մերսման ֆունկցիայով առջևի նստատեղեր, և մինչև 30 գույնի ընտրությունը առաջարկող՝ սրահի լուսավորման «խելացի» համակարգը: Այն կարող է տեղեկացնել դռների բլոկավորման և ստացվող զանգերի մասին, ինչպես նաև խորհուրդ կտա փոխել շարժման շարքը՝ օգտագործելով նավիգատորի տվյալները:
Էլեկտրական քրոսովերը կառաջարկվի երկու տարբերկով՝ մեկ շարժիչով և հետևի քարշակմամբ, և յուրաքանչյուր սռնիին տեղադրված երկու շարժիչներով: Հետևի քարշակմամբ ID.4-ը կարող է սարքավորվել հետևյալ երեք շարժիչներից մեկով՝ 148 ձ.ուժ և 220 Նմ, 175 ձ.ուժ և 310 Նմ, 204 ձ.ուժ և 310 Նմ: Վերջին տարբերակը արդեն հասանելի է պատվերների համար: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը այն կարող է զարգացնել 8,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժ:
Բազային շարժիչները սնվում են 55 կՎտժ տարողությամբ մարտկոցից, որն ապահովում է մինչև 360 կմ/ժ ընթացքի պաշար: Հզոր շարժիչը համակցվում է 77 կՎտժ մարտկոցով, որը թույլ է տալիս մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 520 կմ տարածություն: Լիաքարշ մոդիֆիկացիան կսարքավորվի առավել տարողունակ մարտկոցով, իսկ երկու շարժիչների ընդհանուր հզորությունը կկազմի 306 ձ.ուժ: Արագ եղանակով ID.4 լիցքավորելիս՝ կարելի է 30 րոպեում ապահովել մինչև 320 կմ ընթացքի պաշար, իսկ սովորական եղանակով ամբողջական լիցքավորումը կպահանջի 7,5 ժամ:
Volkswagen ID.4-ի արտադրությունը կիրականացվի գերմանական Ցվիկաու քաղաքում, որտեղ արդեն իսկ թողարկում են ID.3 հեչբեքը: Ակնկալվում է, որ հետագայում քրոսովերը կարտադրվի նաև ԱՄՆ-ում և Չինաստանում: Գերմանիայում սկսվել է նախնական պատվերների ընդունումը՝ բազային տարբերակը առաջարկվում է սկսած 43 229 եվրոյից, իսկ ամենաբարձրը՝ 58 438 եվրոյից: Գնորդները մեքենան կստանան մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: