ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Range Rover Velar-ը կունենա հիբրիդային տարբերակ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Սեպտեմբեր 2020
Բրիտանական Land Rover ընկերությունը ներկայացրել է 2021 մոդելային տարվա Range Rover Velar ամենագնացը: Փոփոխությունները հիմնականում առնչվում են Ingenium ուժային ագրեգատների շարքին, ավելացել են ֆիրմային Pivi մուլտիմեդիա համակարգը և մի շարք այլ օգտակար ֆունկցիաներ: Բացի այդ, Land Rover-ը առաջարկում է Range Rover Velar Edition հատուկ մոդիֆիկացիան, որն առանձնանում է կոնտրաստային սև տանիքով, 20-դյույմանոց սև անվասկավառակներով և թափքի հատուկ ընտրված գույներով:
Այսուհետ ամենահզոր Velar-ը բենզինային P400-ն է, որը լրացված է էլեկտրական ստարտեր-գեներատորով: Ուժային ագրեգատի ընդհանուր հզորոթյունը կազմում է 400 ձ.ուժ, իսկ առավելագույն ոլորող մոմենտը հավասար է 550 Նմ: Այս միդիֆիկացիայի ամենագնացը տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5,5 վայրկյանում, ինչը 0,2 վայրկյանով ավելի արագ է, քան նախորդի ցուցանիշը: P400e մոդիֆիկացիան հանդես կգա որպես լիցքավորվող հիբրիդ:
Մոդելի համար հասանելի կլինի նաև դիզելային D300 շաժիչը, որը զարգացնում է 300 ձ.ուժ հզորություն և 650 Նմ ոլորող մոմենտ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը այս մոդիֆիկացիան զարգացնում է 6,5 վայրկյանում և առանձնանում է վառելիքի ծախսի գրավիչ ցուցանիշով՝ 7,4լ/100 կմ: Երրորդ նոր ագրեգատը 199 ձ.ուժ հզորությամբ դիզելային D200 տուրբոշարժիչն է, որը առանձնանում է ավելի բարձր արտադրողականությամբ և CO₂ արտանետումների ցածր մակարդակով: Ի լրումն երեք նոր տարբերակների, մոդելը պահպանել է նաև քառագլան բենզինային P250 շարժիչը, որը զարգացնում է 250 ձ.ուժ հզորություն և 365 Նմ ոլորող մոմենտ:
Բացի ուժային ագրեգատների ցանկի թարմացումից, Velar-ն այսուհետ հասանելի կլինի Pivi և Pivi Pro (S և ավելի բարձր մոդիֆիկացիաներում) մուլտիմեդիա համակարգով, որը մինչ այս տեղադրվում էր Discovery Sport և Evoque մոդելների վրա: Համակարգը սարքավորվում է արագ արձագանքով հպումային էկրանով, թարմացվում է հեռահար եղանակով, Bluetooth կապուղով միանում է միանգամից երկու սմարթֆոնի, ինչպես նաև առաջարկում է ներկառուցված Spotify հավելվածի ծառայությունները:
Սրահում հայտնվել են նոր մուլտիղեկը, փոխանցումների նոր փոխարկիչը և արտաքին աղմուկի ակտիվ ճնշման Active Road Noise Cancellation համակարգը, որի աշխատանքը ընկերությունում համեմատում են «բարձր ձայնամեկուսացմամբ զույգ ականջակալների» հետ: Այն ավտոմատ եղանակով հաշվարկում է ձայնային ալիքի հակաֆազը, կլանելով ճանապարհածածկից եկող տատանումները և նվազեցնելով աղմուկի մակարդակը առնվազն չորս դեցիբելով:
Բացի այդ, ամենագնացը սարքավորվել է նաև օդի զտման նոր համակարգով, որն աշխատում է իոնացման ֆունկցիայի հետ զուգահեռ: Համակարգը ունակ է զտել ծաղկափոշին, մանր կոշտ մասնիկներ և մինչև 2,5 միկրոն չափսի ալերգեններ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: