ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է RAM 1500 TRX ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԻՔԱՊԸ:
21 Օգոստոս 2020
Ամերիկյան Ram ընկերությունը ներկայացրել է իր մոդելային շարքում ներառած հանրահայտ պիքապի էքստրեմալ՝ Ram 1500 TRX մոդիֆիկացիան, որը սարքավորված է ութգլանանի կոմպրեսորային HEMI շարժիչով: Նորույթը ստացել է նաև արտաճանապարհային լուրջ հագեցվածություն, ունակ է երկարաժամկետ և արագ հաղթահարել անապատային տարածքներ և հզորությամբ գերազանցում է մոտակա բոլոր մրցակիցներին:
Ram 1500 TRX մոդելը կառուցված է գերամուր պողպատների մեծ քանակությամբ և կոշտ սեկցիաներով ուժեղացված շրջանակի վրա: Առջևի կախոցն ամբողջովին անկախ է՝ ադապտիվ մեղմիչներով և երկարացված լծակներով: Հետևից տեղադրված է Dana 60 կամրջակ՝ հնգակետ ամրաններով, 600-միլիմետրանոց պտուտակային զսպանակներով և դիֆերենցիալի էլեկտրոնային բլոկավորմամբ: Բացի այդ առաջարկվում են վերակարգավորված Bilstein Black Hawk e2 կանգնակներ՝ էլեկտրոնային կառավարմամբ, սեղման եռաստիճան համակարգով և դուրս հանված ռեզերվուարներով:
35-դյույմանոց Goodyear Wrangler Territory All-Terrain անվադողերով սարքավորված Ram 1500 TRX-ի ճանապարհային լուսածերպը 300 միլիմետր է: Հետևի անիվների ընթացքը մեծացված է 40 տոկոսով և այժմ կազմում է 330 միլիմետր: Անվամեջը մեծացել է 15 սանտիմետրով, իսկ ընդհանուր լայնությունը աճել է 20 սանտիմետրով, որոնցից մեծ մասը բաժին է հասել անվակմարների կոմպոզիտային վերդիրներին: Մեքենան սարքավորված է այս սեգմենտում ամենախոշոր արգելակային մեխանիզմներով՝ առջևից տեղադրված են 381 մմ տրամագծով միաբլոկ սկավառակներ՝ երկմխոցանի ենթակիրներով, իսկ հետևից՝ մեկ մխոցանի ենթակիրներով սկավառակներ:
Ram 1500 TRX-ի կապոտի տակ տեղադրված է 6,2-լիտրանոց HEMI V8 ագրեգատը՝ շարժաբերային մղիչով: Այն զարգացնում է 712 ձ.ուժ հզորություն և 881 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչը սարքավորված է օդի կլանման երկհոսքանի համակարգով: Օդը հասնում է 29-լիտրանոց խցիկին՝ անցնելով կապոտի վրա առկա ճեղքի և ռադիատորի ճաղավանդակի վերին հատվածի միջով, այդ ընթացքում զտվելով սեգմենտում ամենամեծ զտիչներով, որոնք ունակ են պահել նաև փոշին, ավազն ու նույնիսկ ջուրը: Զտիչների ընդհանուր մակերեսը 0,128 քառակուսի մետր է, իսկ զտման ունակությունը չորս անգամ ավելի մեծ է, քան մոտակա մրցակցինը:
Շարժիչը համակցվում է ութաստիճան TorqueFlite 8HP95 ավտոմատ փոխանցումատուփի և BorgWarner 48-13 բաշխիչ տուփի հետ: Այս բոլոր տարրերը, ինչպես նաև կախոցի հանգույցները պաշտպանված են ալյումինե թիթեղներով: Ստանդարտ սարքավորումների ցանկը ներառում է լոնչ-կոնտրոլ համակարգ, ինչպես նաև Jump Detection ֆունկցիա, որը նախապատրաստում է փոխանցումային համակարգը թռիչքից հետո կատարվելիք վայրէջքին՝ կանխելով հզորության անցանկալի տատանումները: Բացի այդ, առաջարկվում են ընթացքի հինգ սովորական ռեժիմներ՝ Auto, Sport, Tow, Snow և անհատականացված Custom, ինչպես նաև արտաճանապարհային երեք ռեժիմ՝ Mud/Sand, Rock և Baja:
Տեղից մինչև 97 կմ/ժ արագությունը Ram 1500 TRX-ը զարգացնում է 4,4 վայրկյանում, իսկ մինչև 161 կմ/ժ՝ 10,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 190 կմ/ժ ցուցանիշով: Պիքապը ունակ է հաղթահարել մինչև 600 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ և քարշակել մինչև 3,67 տոննա զանգվածով կցորդ: Ուղեմուտքի և ուղէջքի անկյունները համապատասխանաբար կազմում են 30,2, և 23,5 աստիճան:
Ram 1500 TRX-ի համար հասանելի է ինտերիերի ձևավորման երեք տարբերակ՝ գործվածքով/վինիլով կամ կաշվով/թավշակաշվով լրամշակմամբ և ածխածնային պլաստիկից պատրաստված ներդիրներով: Սարքավորումների ցանկը ներառում է Uconnect 4C մուլտիմեդիա համակարգ, նավիգացիոն համակարգ, 7-դյույմանոց դիսփլեյով սարքավորումների թվային վահանակ, 900 վատտ հզորությամբ Harman Kardon աուդիոհամակարգ՝ 19 բարձրախոսներով, և պրոյեկցիոն դիսփլեյ: Ի լրումն այս ամենի ընկերության Mopar ստորաբաժանումը պատրաստ է առաջարկել ավելի քան 100 տարատեսակ աքսեսուար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: