ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Hyundai-ը ներկայացրել է Elantra N Line մոդիֆիկացիան:
14 Օգոստոս 2020
Hyundai Elantra մոդելի ընտանիքը համալրվել է N Line տառանշմամբ նոր «սպորտային» մոդիֆիկացիյով: Ստանդարտ սեդանից այն տարբերվում է N շարքին բնորոշ ձևավորմամբ, կախոցի հատուկ կարգավորումներով և ավելի հզոր շարժիչով: Elantra N Line-ը վաճառքի կհանվի մինչև 2020 թվականի ավարտը:
Նորույթը սարքավորված է Elantra GT և Elantra Sport մոդելներից ծանոթ 1,6 լիտր ծավալով GDI տուրբոշարժիչով, որը զարգացնում է 201 ձ.ուժ հզորություն և 264 Նմ ոլորող մոմենտ: Այն կարող է համակցվել կամ 6-աստիճան մեխանիկական, կամ էլ՝ 7-աստիճան երկկցորդանի DCT փոխանցումատուփի հետ: «Թեժ» տարբերակի կախոցը ենթարկվել է լրացուցիչ կարգավորումների՝ դառնալով ավելի կոշտ, իսկ առջևից տեղադրվել են ավելի մեծ արգելակային սկավառակներ:
Արտաքինից Elantra N Line-ը կարելի է ճանաչել ռադիատորի ճաղավանդակի հատուկ դիզայնով, ավելի խոշոր օդակլանիչներով և դրանց սլաքանման ներդիրներով, հատուկ դիզայնի 18-դյույմանոց անվասկավառակներով, ինչպես նաև հետին տեսադաշտի հայելիների և մոլդինգների սև սնդուսափայլ լրամշակմամբ: Սպորտային կերպարանքը լրացնում են հետնամասում նկատելի համեստ սփոյլերը, դիֆուզորն ու արտանետման համակարգի խողովակները:
Կարմիր դարձակարերով և մետաղական ներդիրներով սրահում տեղադրված են ուժեղացված կողային օժանդակմամբ առանձնացող նստատեղ, որոնց վրա նկատելի է N շարքի տարբերանշանը: Եռաշյուղ ղեկանիվը լրամշակված է ծակոտկեն կաշվով, իսկ ոտնակները զարդարված են մետաղական վերդիրներով: Էլեկտրոնային համակարգերի ցանկը ներառում է ճակատային բախումների կանխարգելման ֆունկցիան, շարժման շարքի պահպանման ֆունկցիան, հեռահար լուսավորության ավտոմատ կառավարման համակարգը, վարորդի ինքնազգացողությանը հետևող համակարգը, ինչպես նաև կույր գոտիների վերահսկման ֆունկցիան:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: