Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Hyperion XP-1 ջրածնային հիպերկարը՝ 1635 կիլոմետր ընթացքի պաշարով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13 Օգոստոս 2020

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գրանցված Hyperion Motors ընկերությունը գաղտանազերծել է ջրածնային  XP-1 հիպերկարը, որի ստեղծման աշխատանքները տևել են վերջին տասը տարին: Մեքենայի արտադրությունը կիրականացվի հենց ԱՄՆ-ում, իսկ ընդհանուր քանակը կսահմանափակվի 300 օրինակով: Հաճախորդներին հասանելի կլինի անհատականացման լայն ծրագիրը: Մեքենայի վերջնական արժեքի մասին տվյալներ չկան, սակայն հայտնի է, որ առաջին օրինակները գնորդներին կհասնեն 2022 թվականին:


Hyperion Motors-ի ձեռնարկած գովազդային արշավը  հիմնված էր այն պնդման վրա, որ ընկերության ինժեներները կարողացել են ադապտացնել տիեզերական տեխնոլոգիաները սովորական ճանապարհներին օգտագործելու համար: Մինչ այս պահն էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են ի նկատի ունեցել ընկերությունում, սակայն ըստ երևույթին խոսքը գնում է ՆԱՍԱ-ի մշակած մի քանի առաջադեմ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ջրածնի և էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի և նոր տեսակի նյութերի մասին: Մոդելի մոնոկոկը, օրինակ, պատրաստված է մետաղական կոմպոզիտից, որի բաղադրության մեջ առկա են ածխածնային մանրաթել և տիտան, իսկ դիֆուզորն ուժեղացված է կևլարով: Այս ամենի շնորհիվ ավտոմեքենայի զանգվածը չի գերազանցում 1032 կիլոգրամը:



Կրկնակի ընդլայնակի լծակներով սարքավորված անկախ կախոցը պատրաստված է գերթեթև ալյումինե համաձուլվածքից և լրացված է ճանապարհային լուսածերպի կարգավորման հիդրավլիկ համակարգով: Սկավառակային արգելակները պատրաստված են ածխակերամիկայից, առջևում ունեն 457 մմ տրամագիծ, հետևում՝ 432 մմ: Որպես օպցիա հասանելի կլինեն կոմպոզիտային անվասկավառակներ՝  Pirelli P Zero անվադողերով: Թափքը գոտիավորող շարժական «կողաթևերի» մեջ ներկառուցված են արևային վահանակներ, որոնք կարող են փոխել  իրենց դիրքը՝ հետևելով արևի հետագծին: Ակտիվ տարրերի թվում են նաև կողային հայելիները, որոնք առանձնանում են փոփոխական «թռիչքով»:



Ջրածնային երկդուռ այս մոդելի ինտերիերը նույնպես պարունակում է բազում զարմանալի տարրեր: Այսպես, կենտրոնական թունելի ամբողջ երկյանքով ձգվում է 98 դյույմ ամնկյունագծով կոր դիսփլեյ: Ոտնակներն ու փոխանցումատուփի լծակը պատրաստված են տիտանից: Մուլտիմեդիա համակարգի կառավարումը կատարվում է ոչ միայն հպումներով, այլև ժեստերով, իսկ վարորդի և ուղևորի վրա սփռվում է ապակյա տանիքը՝ ինքնամգեցման ֆունկցիայով: Սրահի լրամշակման համար առատորեն օգտագործվել են ածխածնային պլաստիկ, տիտան և բնական կաշի:



Hyperion XP-1-ի ուժային ագրեգատը ներառում է մշտական մագնիսներով մի քանի էլեկտրական շարժիչ, իոնիստոր, որը հանդես է գալիս որպես հոսանքի աղբյուր, վառելիքային մարտկոցների մոդուլ՝ պոլիմերային էլեկտրոլիտիկ թաղանթով և եռաստիճան փոխանցումատուփ: Ջրածինը պահվում է ածխապլաստիկից պատրաստված բալոններում և դրա ծավալը բավարար է մեկ լիցքավորումով մինչև 1635 կիլոմետր հաղթահարելու համար: Ոչ պակաս տպավորոիչ են դինամիկ բնութագրերը. 0-97 կմ/ժ արագացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,2 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 355 կմ/ժ ցուցանիշը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio