ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն թարմացրել է Bentayga Speed ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12 Օգոստոս 2020
Սերիական Bentayga ամենագնացի թարմացումից հետո, բրիտանական Bentley ընկերությունը անդրադարձել է նաև առավել դինամիկ Speed մոդիֆիկացիային: Կերպարանափոխման հիմքում նույն սկզբունքներն են. դիզայնի նմանեցում Continental GT և Flying Spur մոդելներին, ինտերիերի թարմացում և ստանդարտ սարքավորումների ցանկի վերանայում:
Bentley Bentayga Speed-ը սովորական մոդիֆիկացիայից կարելի է տարբերել մգեցված լուսարձակներով և լապտերներով, թափքի գույնի կողային վերդիրներով, ինչպես նաև արտանետման օվալաձև խողովակներով և բեռնախցիկի դռան մեծացված սփոյլերով: Քրոսովերի համար հասանելի կլինեն թափքի 17 ստանդարտ երանգներ, ընդլայնված ներկապնակում ու Mulliner կատալոգում ընդգրկված 47 երանգ, ինչպես նաև երկգույն ներկվածքի 24 տարբերակ: Հավելվաճարի դիմաց հնարավոր է պատվիրել Black Specification փաթեթը, որը թույլ է տալիս փոխարինել դեկորի քրոմապատ տարրերը սև սնդուսափայլ լուծումներով, իսկ առջևի սփլիթերը, շեմքերի վերդիրներն ու սփոյլերը կպատրաստվեն ածխապլաստիկից: Սև գույնով կիրականացվեն նաև հետևի դիֆուզորն ու 22-դյույմանոց ստանդարտ անվասկավառակները:
Սրահում ուշադրություն կգրավի նոր մուլտիմեդիա համակարգը՝ 10,9-դյույմանոց սեսնորային էկրանով, Apple CarPlay և Android Auto ծրագրերով, USB-C միակցումներով, ազդանշանի ուժեղացուցիչով աշխատող անլար լիցքավորման մոդուլով և ներկառուցված սիմ-քարտով, որը թույլ կտա օգտվել ֆիրմային My Bentley օնլայն-ծառայություններից, այդ թվում՝ քարտեզների հեռահար թարմացումից, խցանումների և պատահարների մասին տեղեկատվությունից և լուսացույցի ազդանշանների փոխարկման կանխատեսման ֆունկցիայից:
Քրոսովերի սարքավորումների ցանկը ներառում է նավիգացիոն համակարգ, պրոյեկցիոն դիսփլեյ և Continental GT և Flying Spur մոդելների համար արդեն իսկ կիրառված թվային սարքավորումների վահանակ: Լրամշակման համար լայնորեն կիրառվում է կաշի, ալկանտարա և ածխածնային մանրաթել:
Միևնույն ժամանակ շարժիչը չի փոխվել: Ինչպես և նախկինում, քրոսովերը սարքավորվում է 6,0-լիտրանոց W12 երկտուրբո շարժիչով, որն ապահովում է 635 ձ.ուժ հզորություն և 900 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է ութաստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփի, Torsen կենտրոնական դիֆերենցիալի և հետևի բաց դիֆերենցիալի հետ, ընդ որում վերջինն առանձնանում է էլեկտրոնային բլոկավորման հնարավորությամբ: Հինգից ութերորդ փոխանցումով հավասարաչափ ընթացքի ժամանակ Bentayga-ի խելացի համակարգը անջատում է փոխանցումատուփը շարժիչից և թույլ է տալիս զգալիորեն խնայել վառելիքը:
Ինչպես և սովորական Bentayga-ն, Speed մոդիֆիկացիան սարքավորված է շարժման ռեժիմեների Drive Dynamics փոխարկիչով: Սակայն այս դեպքում կատարելագործվել են Sport ռեժիմը, որը ենթադրում է շարժիչի, փոխանցումատուփի, պնևմատիկ կախոցի և ակտիվ կայունացուցիչների աշխատանքի ալգորիթմների փոփոխություն, ինչպես նաև քարշուժի վեկտորի վերահսկման համակարգը, որն ապահովում է անիվների հստակ աշխատանքը շրջադարձերում: Bentayga Speed մոդիֆիկացիայի դինամիկ բնութագրերը նույնպես չեն փոխվել՝ 3,9 վայրկյան 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար և 306 կմ/ժ առավելագույն արագություն:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: