ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր սերնդի Audi S3 ընտանիքը:
11 Օգոստոս 2020
Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է «լիցքավորված» S3 մոդելների նոր սերունդը՝ սեդան և հեչբեք թափքերով: Նոր մոդելները ավելի մեծ են, առանձնանում են թարմացված դիզայնով և ստացել են նոր շարժիչ: Ակնկալվում է, որ դրանց վաճառքը կմեկնարկի արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Audi S3 Sportback և S3 Sedan մոդելները կարելի է ճանաչել վեցանկյուն Singleframe ճաղավանդակով, ավելի մեծ օդակլանիչներով, հետևի արտահայտված դիֆուզորով և արտանետման չորս խողովակներով: Յուրաքանչյուր լուսարձակի մեջ ներկառուցված է ցերեկային ընթացքի՝ թվով 15 հատ պիքսելային լամպ, որոնցից տասը ստեղծում են երկու ուղղաձիգ գիծ: Մատրիցային լուսարձակներն առաջարկվում են որպես օպցիա:
Նախորդ սերնդի համեմատ նոր S3 մոդելները նկատելիորեն մեծացել են արտաքինից: Այսպես, Sportback մոդիֆիկացիան երկարել է երեք, իսկ սեդանը՝ չորս սանտիմետրով: Արդեն բազային համալրմամբ «լիցքավորված» մոդելները սարքավորվում են ինտելեկտուալ սպորտային կախոցով, որի շնորհիվ ավտոմեքենայի լուսածերպը նվազել է 15 միլիմետրով: Նոր Audi S3-ը կարելի է ձեռք բերել բազային18-դյույմանոց, կամ օպցիոնալ 19-դյույմանոց անվասկավառակներով:
Ավտոմեքենաների սրահը լրամշակված է բնական կաշվով՝ ալյումինե և կարբոնե ներդիրներով: Սպորտային նստատեղերի պաստառապատումը իրականացված է վերամշակված պլաստիկ շշերից ստացված նյութերով: Արդեն ստանդարտ համալրմամբ հասանելի է սարքավորումների՝ 10,25-դյույմանոց վիրտուալ վահանակը: Բացի այդ, առաջարկվում է երրորդ սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգը, որը ներառում է սենսորային էկրան, Wi-Fi հասանելիության կետ և ճանապարհային իրավիճակի կանխատեսման տեխնոլոգիա: Նոր մոդելների առանձնահատկությունների թվում հիշատկաման է արժանի Audi Connect բանալին, որը թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով բացել և փակել մեքենայի դռները, ինչպես նաև գործարկել շարժիչը:
Նոր Audi S3-ը սարքավորվում է երկլիտրանոց TFSI շարժիչով, որը զարգացնում է 310 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Տեղից 100 կմ/ժ արագությունը երկու մոդիֆիկացիաներն էլ զարգացնում են 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով:
Audi S3-ի պատվերները կընդունվեն եվրոպական դիլերական կենտրոններում արդեն այս ամսվանից, իսկ առաջին մեքենաները գնորդներին կհասցվեն հոկտեմբերին: Ակնկալվում է, որ S3 Sportback-ը Գերմանիայում կառաջարկվի սկսած 46 302 եվրոյից, իսկ S3 Sedan-ը՝ 47 179 եվրոյից: Սկզբնական շրջանում հաճախորդներին հասանելի կլինի նաև սահմանափակ՝ Edition one սերիան, որը աչքի կընկնի թափքի երկու եզակի երանգով՝ Python Yellow դեղինը առաջարկվում է հեչբեքի, իսկ Tango Red կարմիրը սեդանի համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: