ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Cadillac-ը ներկայացրել է էլեկտրական Lyriq քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Օգոստոս 2020
Ամերիկյան Cadillac ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է դեռևս անցած տարի խոստացված նորույթը, այն է՝ էլեկտրական Lyriq քրոսովորը, որը 80–85 տոկոսով պատրաստ է սերիական արտադրության: Շնորհանդեսի մեծ մասը նվիրված էր մոդելի տեխնիկական հագեցվածությանը, սակայն ավտոմեքենայի ուժային ագրեգատին և դրա դինամիկ բնութագրերին առնչվող վերջնական տեղեկություններ չեն բարձրաձայնվել:
Սերիական քրոսովերի հիմքում ընկած է General Motors-ի նոր հենահարթակը, որը հատուկ նախագծվել է էլեկտրական ավտոմեքենաների համար: Դրա հիմնական կառուցվածքային տարրերից է նորարարական Ultium մարտկոցը, որը տեղադրվում է այնպես, որպեսզի ապահովվի քրոսովերի առավել ցածր ծանրության կենտրոնն ու քաշի կատարյալ բաշխումն ըստ սռնիների:
General Motors-ի այլ ժամանակակից մարտկոցներից Ultium-ն առանձնանում է քիմիական կազմով, որտեղ կոբալտի պարունակությունը նվազեցված է 70 տոկոսով: Լիթիում-նիկել-կոբալտ-օքսիդային մարտկոցը կարող է աշխատել 400 կամ 800 վոլտ լարմամբ և ապահովում է մինչև 350 կՎտ հզորությամբ լիցքավորում: Մարտկոցի տարողությունը 100 կՎտժ է, որն ունակ է ապահովել մինչև 483 կիլոմետր ընթացքի պաշար:
Շնորհանդեսի ժամանակ առանձնակի ուշադրություն դարձվեց Lyriq-ի դիզայներական լուծումներին: Ըստ Cadillac Design ստորաբաժանման գործադիր տնօրեն Էնդրյու Սմիթի, քրոսովերը ցուցադրում է ֆիրմային ոճի զարգացման նոր մակարդակ: Այն առանձնանում է սահուն գծերով, ցածր տանիքով, որը ստացել է կարճ սփոյլեր, ինչպես նաև լուսավորվող տարրերի առատությամբ. լուսավորվում են ռադիատորի կեղծ ճաղավանդակի ստորին հատվածը, դուրս քաշվող բռնակներն ու նույնիսկ մակնիշի տարբերանշանը:
Սրահում կենտրոնական տեղը զբաղեցնում է 33-դյույմանոց էկրանը, որն առանձնանում է ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ պիքսելների եզակի բարձր խտությամբ: Այն արտացոլում է ավելի քան մեկ միլիարդ երանգ, ինչը 64 անգամ ավելին է, քան այլ ավտոմեքենաների ստանդարտ դիսփլեյները: Եվս մեկ ուշագրավ տարր է երկու վիրտուալ վահանակով պրոյեկցիոն դիսփլեյը: Մոտակա վահանակի վրա արտացոլվում են շարժման արագությունն ու ուղղությունը, իսկ հեռավորի վրա՝ նավիգացիոն հուշումները: Lyriq-ը կհամալրվի Super Cruise առաջադեմ քրուիզ-կոնտրոլ համակարգով՝ շարժման շարքի ավտոմատ փոփոխության ֆունկցիայով, հեռակառավարվող ավտոմատ կայանման համակարգով և AKG Studio աուդիոհամակարգով, որն առանձնանում է 19 բարձրախոսներով և աղմուկի ճնշման ֆունկցիայով:
Նախնական տվյալներով Lyriq-ը շուկա կհանվի 2021 թվականին և կդառնա General Motors-ի էլեկտրամոբիլների ապագա շարքի առաջատարը: Հետագայում այդ շարքը կհամալրեն էլեկտրական ընտանեկան եռաշարք քրոսովերը, ինչպես նաև ներկայիս XT4-ի մարտկոցային տարբերակը, որը դեռևս հայտնի է SUV EV անվանմամբ: Բացի այդ, ակնկալվում է լիաչափ Escalade-ին համարժեք ամենագնաց և իմիջային Celestiq Statement Vehicle մոդելը՝ երկուսն էլ էլեկտրական ուժային ագրեգատներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: