ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը:
26 Հուլիս 2020
MotorTrend ամսագրի՝ «Տարվա ամենագնաց» մրցանակին «Համաշխարհային ավտոմեքենա 2020» տիտղոսին արժանացած Kia Telluride մոդելը այսուհետ հասանելի կլինի Nightfall Edition համալրմամբ: Ոճային փաթեթը առաջարկվում է որոշ մոդիֆիկացիաների համար և ներառում է սև սնդուսափայլ լուծումներ՝ համադրված ռադիատորի նոր ճաղավանդակի հետ:
Nightfall Edition փաթեթը կարելի է պատվիրել Kia Telluride EX AWD (Premium), SX AWD և SX Prestige համալրումների համար: Այս տարբերակի հիմնական առանձնահատկությունները ռադիատորի սև ճաղավանդակն է՝ ցանցի փոխարինած եռաչափ նախշազարդով, և եզակի դիզայնով 20-դյույմանոց սև անվասկավառակները: Բացի այդ, «գիշերային» քրոսովերները սարքավորվում են մգեցված լուսարձակներով և բազում դեկորատիվ ներդիրներով: Թափքի գույների ներկապնակը բաղկացած է ութ երանգից, որոնց թվում է նաև հատուկ Nightfall փաթեթի համար նախատեսված Wolf Gray գորշ երանգը: Փաթեթի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ վճարել ևս 1295 դոլար:
Ոճավորման այս փաթեթին զուգահեռ Kia-ն ներկայացրել է նաև 2021 մոդելային տարվա Telluride-ին սպասվող փոփոխությունները: Այսպես, ամենագնացը կստանա կցորդի ամրակցման համար նախատեսված յոթկետանի ամրան (նախկին չորսկետանիի փոխարեն), շարժիչը հնարավոր կլինի հեռավար կարգով գործարկել անմիջապես բանալիի կախազարդից, իսկ լուսադիոդային լուսարձակները հասանելի կլինեն բոլոր համալրումների բազային տարբերակներում:
Տեխնիկական տեսանկյունից փոփոխություններ նախատեսված չեն: Ամենագնացը սարքավորվում է 3,8- լիտրանոց մթնոլորտային շարժիչով, որն ապահովում է 295 ձ.ուժ հզորություն և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Բազային համալրումը հասանելի է միայն առջևի քարշակմամբ, իսկ լիաքարշ համակարգն ու էլեկտրահիդրավլիկ կցորդիչը հասանելի են հավելավճարի դիմաց:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: