ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է էլեկտրական Jaguar I-PACE-ի նոր տարբերակը:
23 Հունիս 2020
2021 թ մոդելային տարվա էլեկտրական Jaguar I-PACE քրոսովերը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Դրանց թվում են ընկերության նորագույն Pivi Pro մուլտիմեդիա համակարգը և ավելի հզոր լիցքավորման սարքը: Բացի այդ ընդլայնվել են թափքի գույների ներկապնակը և դեկորատիվ տարրերի հասանելի հավաքածուն:
Նորացված Jaguar I-PACE-ի գլխավոր առանձնահատկությունը 11 կՎտ հզորությամբ բորտային լիցքավորման սարքավորումն է, որը փոխարինել է 7-կիլովատանոց միաֆազ սարքին: Այժմ, փոփոխական հոսանքի պատի տերմինալից լիցքավորելու դեպքում, մեկ ժամվա ընթացքում կարելի է ստանալ 53 կմ վազքի պաշար, իսկ ամբողջությամբ դատարկ մարտկոցը լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 8,5 ժամ:
I-PACE-ի նոր «ձեռքբերումներից» է տեղեկատվական-ժամանցային Pivi Pro համակարգը, որն առաջին անգամ ներկայացվել էր նոր Land Rover Defender-ի վրա: Այն բաղկացած է 12,3 դյույմ անկյունագծով սարքավորումների վահանակից և կենտրոնական բարձակի վրա տեղակայված երկու դիսփլեյներից, որոնցից վերևինը ունի 10 դյույմ անկյունագիծ, իսկ ներքևինը՝ հինգ: Երկու էկրանն էլ սենսորային են, իսկ կլիմատ-կոնտրոլի շրջադարձային փոխարկիչը օժտված է շոշափական արձագանքի ֆունկցիայով:
Pivi Pro համակարգի մեջ ներկառուցված նավիգացիան աշխատում է ինքնուսուցանվող ալգորիթմների հիման վրա, և կարող է, օրինակ, արդեն իսկ սահմանված երթուղուն ավելացնել հասանելի լիցքավորման կայանների տվյալները: Համակարգը կարող է թարմացվել հեռավար եղանակով: Բացառիկ Smartphone Pack փաթեթը, որը ներառում է Apple CarPlay, Android Auto և Baidu CarLife օպերացիոն միջավայրերը, առաջարկվում է որպես ստանդարտ համալրում, իսկ սմարթֆոնների անլար լիցքավորումը՝ կապի ազդանշանի ուժեղացման ֆունկցիայով, օպցիա է:
Բացի վերը նշված առանձնահատկություններից, նորացված I-PACE-ը ստացել է շրջանածիր տեսադաշտի կատարելագործված համակարգ, 16 բարձրախոսով և սաբվուֆերով Meridian աուդիոհամակարգ, ինչպես նաև օդի իոնացման համակարգով և մանր մասնիկների РМ2.5 զտիչով «զինված» կլիմատիկ սարքավորում: Քրոսովերի արտաքինը կարելի է փոփոխել անհատականացման՝ հասանելի փաթեթների շոնրհիվ, որոնց թվում են քրոմային Bright Pack և սնդուսափայլ սև Black Pack փաթեթները: Հաճախորդներին հասանելի կլինեն նաև 19-դյույմանոց անվասկավառակները և թափքի մի քանի նոր երանգ՝ Caldera Red, Portofino Blue և Eiger Grey:
Jaguar I-PACE-ի ուժային ագրեգատն ինքին չի փոխվել: Երկու էլեկտրական շարժիչները միասին զարգացնում է 400 ձ.ուժ հզորոթյուն և 696 Նմ ոլորող մոմենտ: 90 կիլովատ-ժամ տարողությամբ մարտկոցը թույլ է տալիս մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 470 կմ (WLTP ցիկլ): Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերը զարգացնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 200 կմ/ժ ցուցանիշով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: