Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է չորրորդ սերնդի Nissan X-Trail-ը:
17 Հունիս 2020

Ճապոնական Nissan ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է X-Trail քրոսովերի չորրորդ սերնդի մոդելը, որը Հյուսիսային Ամերիկայի շուկայում առաջարկվում է Rogue անվանմամբ: Այն կառուցված է մոդերնիզացված CMF-C/D հենահարթակի հիման վրա, ինչի հետևանքով փոփոխվել են մեքենայի արտաքին չափսերը: Քրոսովերը ստացել է նաև երկաստիճան օպտիկա և նորովի նախագծված սրահ: 



Նոր Rogue-ը նախորդից ավելի կոմպակտ է. քրոսովերի երկարությունը 4648 միլիմետր է (-38 մմ), բարձրությունը՝ 1699 միլիմետր (-28 մմ), լայնությունը՝ 1839 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2705 միլիմետր: Բեռնախցիկի ծավալը չի փոփոխվել՝ 1113 լիտր հատակից մինչև առաստաղ: Սկզբունքային փոփոխությունների թվում հիշատակման են արժանի հետևի բազմալծակ կախոցի վերանայված կառուցվածքն ու ղեկի նոր էլեկտրաուժեղացուցիչը: 



Հետևի բազմոցային նստատեղերին կարող են միաժամանակ տեղավորվել երկու մեծահասակ ուղևոր և մանկական բազկաթոռ: Երկրորդ շարքի ուղևորներին հասանելի կլինեն արևապաշտպան փականակները և եռագոտի կլիմատ-կոնտրոլը, իսկ մանկական բազկաթոռը ավելի հեշտ է տեղադրվում համարյա 90 աստիճանով բացվող հետևի դռների շնորհիվ:  



Սրահի կառուցվածքային փոփոխությունները սրանով չեն սահմանափակվում:  Նոր Rogue-ը սարքավորվում է փոխանցումների փոխարկման ջոյսթիքով, որը տեղ է գտել  «ճախրող» կենտրոնական բարձակի վրա, ինչպես նաև սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակով և 10,8-դյույմանոց պրոյեկցիոն դիսփլեյով, որոնք կառաջարկվեն ամենաբարձր համալրումների համար: Բազային համալրումը կստանա սարքավորումների անալոգային վահանակ և մուլտիմեդիա համակարգի 8-դյույմանոց էկրան:



Սկզբնական շրջանում Rogue-ը հասանելի կլինի միայն 2,5-լիտրանոց մթնոլորտային շարժիչով, որը զարգացնում է 181 ձ.ուժ հզորություն և համակցվում է ֆիրմային վարիատորային փոխանցումատուփի հետ: Ամերիկյան ավտոսրահներում մեքենան կհայտնվի արդեն 2020թ թվականի աշնանը, իսկ Եվրոպայում և այլ շուկաներում, այդ թվում՝՝ Հայաստանում, մոդելի նորամուտի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio