Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է չորրորդ սերիայի BMW կուպեն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Հունիս 2020

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է 4-րդ սերիայի նոր կուպեն: Ինչպես և ակնկալվում էր, նոր սերնդի երկդռնանի մոդելը ստացել է հսկայական ուղղաձիգ նոր «քթանցքները», ինչով էլ ավելի է տարբերվում երրորդ սերիայի սեդանից: Մեքենայի պաշտոնական վաճառքները կսկսվեն ընթացքիկ տարվա հոկտեմբերին: 


Չորրորդ սերիայի BMW-ի հիմքում ընկած է G20 հենահարթակը՝ առջևի Մաքֆերսոն կանգնակներով և հետևի հինգլծականի կախոցով: Կառավարելիությունը բարելավելու նպատակով թափքը ավելի կոշտ է դարձվել, ինչին նպաստում են կախոցի ամրացման կետերում հատուկ ուժեղացուցիչները: Հետևի անվամեջը գերազանցում է 3-րդ սերիայի սեդանի ցուցանիշը 23 միլիմետրով: Մեծացվել է առջևի անիվների բացասական բացվածքը, իսկ ծանրության կենտրոնը իջեցվել է 21 միլիմետրով: Կապոտն ու դռների արտաքին հատվածները պատրաստված են ալյումինից, բեռնախցիկի դուռը բնական մանրաթելի հիման վրա մշակված կոմպոզիտային նյութից, ինչը զգալիորեն նպաստել է ավտոմեքենայի զանգվածի նվազմանը: 



Նախորդի հետ համեմատ նոր կուպեն ավելի երկար է (+128 մմ), ավելի լայն է (+27 մմ) և ավելի բարձր (+6 մմ): Անվային բազան հասցվել է 2851 միլիմետրի (+68 մմ), իսկ առջևի և հետևի անվամեջերը լայնացել են համապատասխանաբար 28 և 21 միլիմետրով:  Աերոդինամիկ դիմադրության գործակիցը 0,25 է, իսկ հետևի սռնիի վրա ազդող վերամբարձ ուժը նվազեցվել է ևս 0,015-ով: Զանգվածը բաշխված է սռնիների միջև 50:50 համամասնությամբ:  Որպես ստանդարտ առաջարկվում են օրիգինալ կարգավորումներով դինամիկ մեղմիչեր, իսկ հավելավճարի դիմաց հասանելի կլինեն նաև M Sport մոդիֆիկացիայի պասիվ կամ ակտիվ կանգնակները: 



Չորրորդ սերնդի BMW կուպեն առանձնանում է արդեն իսկ ճանաչելի ուղղաձիգ «քթանցքներով», որոնք հիշեցնում են BMW 328 Coupé և BMW 3.0 Csi պատմական մոդելների ժառանգության մասին: Air Curtains աերոդինամիկ փականակների ուղղաձիգ բացվածքները նկատելի են առջևի թափարգելի կողային հատվածներում:  Բազային տարբերակում առաջարկվում են լուսադիոդային լուսարձակներ, մինչդեռ որպես օպցիա հասանելի են լազերա-լյումինաֆորային Laserlight լուսարձակները, որոնք հեշտ ճանաչելի են կապույտ ներդիրներով: Լապտերների պատկերը հիշեցնում է 8-րդ սերիայի  BMW-ի մասին, իկ արտանետման համակարգի խողովակների վերդիրները կարող են լինել կլոր կամ սեղանաձև՝ կախված մոդիֆիկացիայից: M Sport մոդիֆիկացիան առանձնանում է սնդուսափայլ սև ձևավորմամբ և առջևի թափարգելի մեջ ներկառուցված մեծ օդակլանիչներով:  



Սրահում ուշադրություն են գրավում եռագոտի կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման նոր բլոկը, հատուկ այս մոդելի համար նախագծված նստատեղերը, մանրաթելային օպտիկայի հիման վրա սարքված ֆոնային լուսավորությունը, շարժական բաժանմունքով համայնապատկերային տանիքը: Լրացուցիչ վճարի դիմաց հասանելի կլինեն նաև 12,3 դյույմ անկյունագծով սարքավորումների վիրտուալ վահանակը և մուլտիմեդիա համակարգի 10-դյույմանոց էկրանը, որի միջոցով կարելի է կառավարել  BMW OS 7.0 օպերացիոն համակարգը: Չորրորդ սերնդի կուպեի համար առաջարկվում են նաև մի քանի տեսակի դեկորատիվ վահանակներ, կաշեպատ М-ղեկը, ինչպես նաև նստատեղերի М-պաստառապատումը:



Վաճառքների առաջին փուլում  BMW 4 Series կուպեի շարժիչների գամման բաղկացած կլինի երեք բենզինային և մեկ դիզելային ագրեգատից:  Երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչը զարգանում է 184 կամ 258 ձ.ուժ (300 և 400 Նմ ոլորող մոմենտ): M440i xDrive մոդիֆիկացիայի վեց գլանանի (374 ձ.ուժ և 500 Նմ) շարժիչը և բոլոր դիզելային շարժիչները սարքավորվում են նաև 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատորով, որը թափառքների ժամանակ ապահովում է լրացուցիչ 11 ձ.ուժ, ինչպես նաև օպտիմալացնում է շարժիչի աշխատանքը: Բոլոր ագրեգատների համար առաջարկվում է ութաստիճան Steptronic ավտոմատ փոխանցումատուփը: 



Որպես օպցիա առաջարկվում է նաև Steptronic Sport փոխանցումատուփը, որն առանձնանում է լոնչ-կոնտրոլ և BMW-ի համար նոր՝ Sprint ֆունկցիաների առկայությամբ: Վերջինս ակտիվանում է, երբ սեղմում եք ենթաղեկային ձախ թերթիկը, որից հետո միանում են Sport ռեժիմն ու ավելի ցածր փոխանցումը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio