ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Volkswagen Viloran շքեղ մինիվենը:
22 Ապրիլ 2020
SAIC Volkswagen համատեղ ձեռնարկությունը ներկայացրել է Viloran մինիվենը, որը MQB հենահարթակի վրա կառուցված ամենախոշոր ավտոմեքենան է: Յոթտեղանի մոդելը առանձնանում է հարուստ սարքավորումներով և երկրորդ շարքի «հրամանատարական» նստատեղերով ու դիրքավորվում է որպես շքեղ բիզնես-վեն:
Տեխնիկապես Volkswagen Viloran-ը առավել մոտ է Teramont մոդելին, սակայն նորույթն իր արտաքին չափսերով մեծ է Volkswagen-ի բոլոր մարդատար մեքենաներից: Դրա թափքի երկարությունը 5346 մմ է, լայնությունը՝ 1976 մմ, բարձրությունը՝ 1781 մմ, իսկ անվային բազան կազմում է 3180 մմ: Այդպիսով Viloran-ը 42 միլիմետրով մեծ է, քան երկար անվային բազայով Multivan T6.1-ը:
Ի տարբերություն «բարեկամ» մոդելների, առջևի քարշակմամբ Viloran-ը սարքավորվում է անայլընտրանքային քարշային համակարգով, որը բաղկացած է երկլիտրանոց քառագլան EA888 տուրբոշարժիչից և յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփից: Շարժիչի համար նախատեսված է ուժեղացման երկու տարբերակ՝ 186 ձ.ուժ և 320 Նմ ոլորող մոմենտ և 220 ձ.ուժ և 350 Նմ:
Սրահում Teramont-ի մասին հիշեցնում է առջևի վահանակի կառուցվածքը, իսկ կլիմատիկ համակարգի սենսորային բլոկը և դեֆլեկտորների դեկորը նույնն են, ինչը և կուպեատիպ Teramont X-ի վրա: Որպես օպցիա հասանելի է 10,25-դյույմանոց անկյունագծով սարքավորումների թվային վահանակը, իսկ մեդիահամակարգի 9,2-դյույմանոց հպումային էկրանը առաջարկվում է որպես բազային լուծում:
Մեքենան առաջարկում է նստատեղերի 2+2+3 բանաձև, ինչը ենթադրում է, որ հիմնական հարմարությունները նախատեսված են երկրորդ շարքի ուղևորների համար: Հասանելի են նստատեղերի էլեկտրակարգավորումը, օդափոխումը, տաքացման և մերսման ֆունկցիաները, ոտնահենակներն ու բաժակակալներով արմնկակալները, իսկ աջ ուղևորը կարող է ծալել նաև իր առջևի նստատեղերը՝ ապահովելով էլ ավելի մեծ տարածություն ինքն իր համար: Լրամշակումն իրականացված է պրեմիում կարգի նյութերով, ներառյալ թանկարժեք կաշին և փայտը, իսկ օպցիաների թվում ներառած են համայնապատկերային տանիքը, մատրիցային լուսարձակները, ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, թեթևաձույլ 20-դյույմանոց անվասկավառակները, շարքի պահպանման ֆունկցիան և ավտոմատ կայանմանն օժանդակող համակարգը:
Viloran-ի արտաքինը իրականացված է Passat ունիվերսալի ոգով, իսկ լուսարձակների և ռադիատորային ճաղավանդակի կառուցվածքով հիշեցնում է ներկայիս սերնդի Touareg-ը: Ենթադրվում է, որ Չինաստանում Volkswagen Viloran-ի հիմնական մրցակիցները կլինեն Buick GL8 Avenir և Honda Odyssey մոդելները: Բացառված չէ, որ որոշ ժամանակ անց մոդելը կհայտնվի գլոբալ շուկայում, սակայն դեռևս այդ պլանները չեն բարձրաձայնվում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: