ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը թարմացրել է LC կուպեն:
12 Ապրիլ 2020
Lexus-ի ամերիկյան գրասենյակը հայտարարել է 2021 թվականի մոդելային տարվա LC կուպեի թարմացման մասին: Երկդռնանի մոդելը դարձել է ավելի թեթև, ստացել է կախոցի նոր տարրեր, փոխանցումատուփի աշխատանքի նոր ծրագիր և Android Auto համակարգի հետ համատեղելի մուլտիմեդիա սարքավորում:
Նախորդ տարվա մոդելից նոր Lexus LC-ի հիմնական տարբերությունը ավելի սուր և հստակ կառավարելիությունն է: Դրան նպաստում են չմեղմված զանգվածների ընդհնանուր ծավալի նվազեցումը տասը կիլոգրամով, կախոցի ստորին ալյումինե լծակների տեղադրոմը, ավելի մեծ տրամագծով դատարկամարմին մեղմիչների տեղադրումը, գերամուր զսպանակների կիրառումը և հետևի սռնիի ավելի թեթև 21-դյույմանոց անիվները: Միևնույն ժամանակ ավելացել է առջևի կախոցի քայլը, աճել է կայունացուցիչների և մեղմիչների կոշտությունը: Այս միջոցների շնորհիվ մեծացել է կուպեի հարմարավետությունը և կատարելագործվել կառավարելիությունը:
Շրջադարձերում բարձր և միջին արագությամբ ընթանալիս՝ կայուն և վերահսկելի պահվածքը ապահովում է առաջին անգամ LC մոդելում կիրառվող կայունացման էլեկտրոնային համակարգի Active Cornering Assist ֆունկցիան: Այն ենթադրում է արգելակման համակարգի աշխատանքին միջամտելու մի քանի մակարդակ: Դրանցից հիմնականը թույլ է տալիս արգելակել շրջադարձի կենտրոնի հանդեպ ներքին մեխանիզմները՝ կարգավորելով ճիգը՝ կախված լայնակի և երկայնակի արագությունների մեծությունից:
Բացի այդ փոխվել է նաև Lexus LC 500-ի տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփի աշխատանքի տրամաբանությունը: Այժմ յուրաքանչյուր փոխանցումն ավելի երկար է մնում այսպես կոչված ակտիվ գոտում, այսինքն, երբ դրոսելային փականը բաց է մնում 50-70 տոկոսով, ինչը ուժեղացնում է արագացումից ստացվող զգացողությունները: Որոշակի նորություն կա նաև հիբրիդային LC 500h մոդելի աշխատանքում: Դրա Multi-Stage Hybrid System համակարգը այժմ շրջադարձերից դուրս է գալիս ոչ թե երրորդ, այլ երկրորդ փոխանցումով:
Այլ փոփոխություններից հիշատակման է արժանի նոր մուլտիմեդիա համակարգը՝ 10,3-դյույմանոց դիսփլեյով, ինչպես նաև Android Auto, Apple CarPlay համակարգերի և Amazon Alexa ձայնային օգնականի առկայությամբ: Առաջարկվում են նաև թափքի ներկվածքի երկու նոր երանգ՝ Cadmium Orange նարնջագույնը և Nori Green Pearl կանաչը, Dark Graphite գույնի 20-դյույմանոց անվասկավառակներ և Flare Red գույնի կաշվով լրամշակված սրահ:
LC 500-ի կապոտի տակ պահպանվել է հինգլիտրանոց մթնոլորտային V8 շարժիչը, որը զարգացնում է 477 ձ.ուժ հզորություն և 540 Նմ ոլորող մոմենտ: LC 500h հիբրիդը սարքավորվում է 3,5-լիտրանոց V6 բենզինային ագրեգատով, երկու էլեկտրական շարժիչներով և քարշային մարտկոցով, որոնց ընդհանուր արտադրողականությունը կազմում է 359 ձ.ուժ և 475 Նմ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը հիբրիդը զարգացնում է 5,0 վայրկյանում, իսկ LC 500-ը՝ 4,7 վայրկյանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: