ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Dacia-ն ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը:
17 Մարտ 2020
Ռումինական Dacia ապրանքանիշը, որի ներքո եվրոպական որոշ երկներում վաճառվում են Renault-ի զանգվածային այնպիսի մոդելներ, ինչպիսին են Logan-ն ու Duster-ը, արտադրել է առաջին ամբողջությամբ էլեկտրական քրոսովերը՝ Spring անվանմամբ: Ակնկալվում է, որ կոնցեպտը կստանա սերիական կարգավիճակ արդեն 2021 թվականին:
Նորույթի մասին շատ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ցուցադրված մոդելի երկարությունը 3,73 մետր է, ինչը համեմատելի է Renault City K-ZE մոդելի հետ, որը չինական շուկայում 2019 թվականից վաճառվող Kwid-ի էլեկտրական տարբերակն է: Չինաստանում վաճառվող City K-ZE-ը սարքավորվում է 45 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով ու 26,8 կՎտժ կուտակիչ մարտկոցով: Մոդելի ընթացքի պաշարը NEDC ցիկլում 271 կիլոմետր է:
Սակայն եվրոպական Dacia Spring-ի էլեկտրական ագրեգատը ըստ երևույթին կփոխառնվի Renault Twingo Z.E. մոդելից: Այս էլեկտրական շարժիչը ապահովում է 82 ձ.ուժ հզորություն և սնվում է 22 կՎտժ տարողությամբ մարտկոցից: Ընդ որում Twingo Z.E.-ի ընթացքի պաշարը կազմում է 250 կիլոմետր:
Dacia-ի համար Spring-ը առաջին էլեկտրամոբիլն է, մինչդեռ Renault-ն իր մոդելային շարքում ունի սերիական յոթ տարբերակ: Բացի չինական City K-ZE-ից, դրանք են Twizy Z.E.-ն, Zoe հեչբեքը, Kangoo Z.E. և Master Z.E. ֆուրգոնները, ինչպես նաև Samsung SM3 Z.E. սեդանը, որը բացառապես առաջարկվում է Հարավային Կորեայում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: