ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault Morphoz` մշտապես փոփոխվող ավտոմեքենա: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Մարտ 2020
Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Morphoz անվանմամբ բացառիկ կոնցեպտը, որը նկարագրվում է որպես «ապագայի անհատական և համատեղ էլեկտրական շարժունակության տեսալական»: Ցուցադրված ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մոդելը կարող է ներկառուցվել «խելացի» էներգահամակարգի մեջ և օժտված է բացվող թափքով, որը ֆիզիկապես փոխակերպվում է, երբ վարորդը ընտրում է ընթացքի այս կամ այն ռեժիմը:
Morphoz կոնցեպտը կառուցված է CMF-EV հենահարթակի վրա, որը ծառայելու է , Renault-Nissan ալյանսի ապագա էլեկտրական ավտոմեքենաների համար: Հենահարթակն աչքի է ընկնում ճկունությամբ. այն կարող է օգտագործվել տարբեր քարշային մարտկոցների հետ և թույլ է տալիս կիրառել սրահի կազմավորման մի քանի եղանակ: Ներկայացված կոնցեպտը սարքավորված է մեկ էլեկտրական շարժիչով (136 կամ 218 ձ.ուժ), ինչպես նաև 40 կՎտժ կամ 90 կՎտժ տարողությամբ մարտկոցով, որը ունակ է լիցքավորվել թե ստատիկ (կայանման ժամանակ), թե անլար դինամիկ (շարժման ժամանակ հատուկ ճանապարհածածկից) եղանակով:
Morphoz-ի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ էլեկտրական համակարգին միանալու ունակությունն է: Այս գաղափարը նոր չէ և ենթադրում է էներգետիկ ցանցին երկկողմ միակցում և մարտկոցների երկորրդական կիրառություն: Սա նշաակում է, որ երբ մեքենան չի շահագործվում, այն կարող է սնել տունը էլեկտրականությամբ: Հանովի մարտկոցները իրենց հերթին կարելի է պահել լիցքավորման կայաններում, որտեղ դրանցից կօգտվեն այլ էլեկտրական մեքենաների վարորդներ, կամ էլ «խելացի» ցանցը դրանցից կսնի փողոցային լուսավորման սարքերը:
Ըստ Renault-ի գաղափարախոսության, նման տարողունակությամբ մարտկոցները գերադասելի է փոխանակել, այլ ոչ թե արտադրել առանձին կուտակիչ բլոկ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: Այսպիսով կնվազի թե ծախսը, թե հնարավոր կլինի մեղմել բնապահպանության տեսանկյունից առաջացող բացասական ազդեցությունը:
Renault-ն դիտարկում է Morphoz-ը որպես ապագայի մեքենաների ադապտիվության օրինակ: Այդ պատճառով կոնցեպտը օժտված է ֆիզիկական չափսերի փոփոխման հնարավորությամբ՝ շարժման ռեժիմից կախված: Էլեկտրամոբիլի անվային բազան կազմում է 2,73 մետր քաղաքային երթևեկությունների ժամանակ և 2,93 մետր Travel ռեժիմում: Փոխակերպումը տեղի է ունենում հատուկ կայաններում, որտեղ ոչ միայն ըստ պահանջի փոխարինվում են ավտոմեքենայի մարտկոցները, այլև ադապտացվում են թափքի պանելներն ու նույնիսկ լուսային սարքավորումները:
Շարժման մեկ ռեժիմից մյուսին անցնելիս՝ փոխվում է առջևի կողաթևերի լայնությունը, երկարում են կապոտն ու թափքի հետնամասը: Մեքենայի ուրվագիծը դառնում է ավելի շրջահոսելի, ինչը նվազեցնում է ճակատային դիմադրության գործակիցը և նպաստում ընթացքի պաշարի ավելացմանը:
Կոնցեպտի սրահը նույնպես հարմարվում է շարժման բնույթին: Օրինակ, առջևի ուղևորը կարող է շրջել նստատեղը շարժման ուղղությանը հակառակ՝ հետևի շարքի ուղևորների հետ շփվելու համար: Հիշատկաված Travel ռեժիմում ընթանալիս՝ երկրորդ շարքի նստատեղերը ավտոամտ կերպով քաշվում են դեպի հետ՝ այդպիսով ապահովելով ավելի մեծ տարածություն ուղևորների ոտքերի համար:
Արհեսատական բանականության ալգորիթմներով աշխատող բորտհամակարգիչը ճանաչում է վարորդին մինչ այն պահը, երբ նա մոտենում է մեքենային՝ տեղեկացնելով այդ մասին լուսային ազդանշանների հատուկ հաջորդականությամբ: Որպես բանալի կիրառվում է սմարթֆոնը, ինչը նշանակում է, որ մեքենան կարելի է համօգտագործել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ:
Վիրտուալ օգնականը հասկանում է բնական խոսքը, ժեստերը և մշտապես հետևում է մեքենայի դիրքին տարածության մեջ՝ զգուշացնելով կույր գոտիներում հայտնվող վտանգավոր օբյեկտների մասին: Նավիգացիոն համակարգը երթուղային տվյալները ավտոմատ կերպով փոխանցում է սմարտֆոնի մեջ, իսկ Travel ռեժիմում նաև խորհուրդ է տալիս այցելել այս կամ այն դիտարժան վայրը: Երրորդ մակարդակի ինքնավար համակարգը թույլ է տալիս վարորդին որոշ ժամանակով կտրվել կառավարումից և պարզապես վայելել ճանապարհորդությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: