Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota Supra-ն դարձել է ավելի արագ և հզոր:
16 Փետրվար 2020

Ճապոնական Toyota ընկերությունը թարմացրել է GR Supra մոդելը: 2021 թվականի մոդելային տարվա կուպեն ստացել է նախկինից ավելի հզոր վեցգլանանոց շարժիչ, 2,0-լիտրանոց ագրեգատ և ավելի լավ կառավարելիություն ապահովող վերակարգավորված շասսի: 



Նոր Toyota GR Supra-ի համար առաջարկվում է երկու տեսակի շարժիչ: Բացի 3.0-լիտրանոց BMW B58 ագրեգատից հասանելի է նաև 2.0-լիտրանոց տուրբոշարժիչը, որը զարգացնում է 259 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Միևնույն ժամանակ ավելի հզոր ագրեգատը էլ ավելի է հզորացել: Նոր երկհոսք արտաթող կոլեկտորն ու սեղման աստիճանը 10,2:1-ի հասցրած նոր մխոցները թույլ են տվել ապահովել 387 ձ.ուժ հզորութուն և 499 Նմ ոլորող մոմենտ: Անփոփոխ է մնացել 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը: 



Այս բոլոր լրամշակումներից հետո, ըստ հաշվարկների, GR Supra-ի 0-ից մինչև 97 կմ/ժ  թափառքի ժամանակը պետք է նվազի 0,2 վայրկյանով՝ հասնելով 3,9 վայրկյանի: Բազային երկլիտրանոց շարժիչով սարքավորված կուպեն նույն ցուցանիշին հասնում է ուղիղ 5 վայրկյանում: 



Հարմարավետության և կառավարելիության հավասարակշռությունն ապահովելու համար կիրառվում են լրացուցիչ ալյումինե տարրեր, որոնք միացնում են առջևի կանգնակների և ռադիատորի հենքի ամրակցման կետերը, ինչպես նաև հետհարվածի դեմպֆերներ և վերակարգավորված մեղմիչներ: Վերածրագրավորվել են նաև ղեկի հիդրաուժեղացուցիչի, ադապտիվ շասսիի, կայունացման համակարգի և հետևի ակտիվ դիֆերենցիալի աշխատանքի ծրագրերը, ինչի շնորհիվ «Սուպրան» ավելի կայուն է դառնում շրջադարձերում:



Եվ վերջապես, GR Supra-ն ստացել է նոր հատուկ մոդիֆիկացիա A91 Edition անվանմամբ: Այսպիսի կուպեն սարքավորվում է միայն 3,0-լիտրանոց շարժիչով և հասանելի է երկու գույներով՝ Nocturnal և Refraction: Վերջին երանգը ստեղծվել և կիրառվում է բացառապես A91 Edition-ի համար: Այս տարբերակի առանձնահատկություններից են կարբոնից պատրաստված սփոյլերը և հայելիները, սև փայլատ անիվները, թափքի հետևի կանգնակների վրա առկա հատուկ գրաֆիկական պատկերները և ալկանտարայով լրամշակած սրահը: Ավտոմեքենաները կթողարկվեն ընդհանուր 1000 օրինակով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio