ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը պատմել է E-Class-ի ապագայի մասին:
22 Հունվար 2020
Mercedes-Benz ընկերությունը մանրամասներ է ներկայացրել E-Class մոդելային շարքի թարմացումների մասին: Ըստ մակնիշի ներկայացուցիչների, շարքը կհամալրվի յոթ հիբրիդային մոդիֆիկացիներով և օժանդակ համակարգերի կատարելագործված հավաքածուներով: Պաշտոնական շնորհանդեսի ստույգ ժամկետները դեռևս չեն նշվում, սակայն հայտնի է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2020 թվականի ամռանը:
Ակնկալվում է, որ արտաքին փոփոխությունները հիմնականում տեսանելի կլինեն թափարգելների հատվածում, ինչպես նաև լուսարձակներում, որոնք զգալիորեն կնմանվեն CLS և CLA մոդելների օպտիկային: Հիմնական նորարարությունները առնչվում են տեխնիկական համալրմանը: Այսպես կատարելագործված Active Distance Assist համակարգը կկարողանա «տեսնել» խցանումները կամ գրանցել հոսքի արագության նվազումը մինչ դա կանի վարորդը, ինչից հետո ավտոմատ եղանակով կնվազեցնի արագությունը: Active Brake Assist ֆունկցիան կօգնի արգելակել խաչմերուկներում կամ երթևեկության մասնակիցների հետագծերի հատման այլ կետերում, երբ գրանցի այլ փոխադրամիջոցի հետ բախման վտանգ:
Կկատարելագործվի նաև կույր գոտիների վերահսկամն համակարգը, որը այսուհետ կաշխատի նաև անջատած շարժիչի ժամանակ: Շրաջանածիր տեսադաշտի տեսախցիկների օգնությամբ հնարավոր կլինի տեսնել մեքենայի պատկերը կողքից: Սրահում կհայտնվեն նոր ղեկանիվը՝ սենսորային կոճակներով, MBUX մուլտիմեդիա համակարգի երկու 10,25-դյույմանոց էկրանները՝ ձայնային կառավարմամբ և լրացված իրականության սկզբունքով աշխատող նավիգացիոն համակարգով: Հատկանշական է, որ վերջին օպցիան հասանելի կլինի արդեն բազային համալրման համար:
Լուրջ փոփոխություններ են սպասում շարժիչների գամմային: Ավտոմեքենան կստանա միանգամից յոթ հիբրիդային մոդիֆիկացիա՝ բենզինային և դիզելային շարժիչներով, ընդ որում դրանցից չորսը կլինեն լիաքարշ: Բացի այդ կառաջարկվի նաև ներքին այրման երկու նոր շարժիչ՝ 272 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց քառագլան տուրբոագրեգատը և 367 ձ.ուժ հզորությամբ 3-լիտրանոց վեց գլանով տուրբոշարժիչը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: