Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

GMC պիքապները կստանան Harley-Davidson ոճավորում:
14 Հունվար 2020

Պաշտամունքային մոտոցիկլներ արտադրող Harley-Davidson ընկերությունը հայտարարել է, որ կթողարկվի GMC Sierra պիքապների սահմանափակ քանակություն: General Motors ընկերությունում հաղորդում են, որ կոնցերնը մասնակցություն չի ունենա ավտոմեքենաների արտադրությանը, իսկ հատուկ սերիան կստեղծվի Harley-Davidson-ի և հանրահայտ Tuscany Motor Co. թյունինգային աթելիեյի համագործակցության արդյունքում:



Արտաքինից Harley-Davidson սերիայի GMC Sierra պիքապները առանձնանում են ավելի մեծ լուսածերպով, նոր Fox մեղմիչներով, արտանետման լրամշակված համակարգով, առջևի թափարգելի մեջ ներկառուցված լրացուցիչ լուսադիոդային սեկցիայով, օդակլանիչներով և հետևի ձևափոխված թափարգելով: Բացի այդ մեքենաները համալրվել են 35-դյույմանոց անվասկավառակներով և արտաճանապարհային անվադողերով:



Նկատելի են նաև ռադիատորի ճաղավանդակի նարնջագույն եզրակավորումը,  առջևի քարշակման կոնտրաստային բլթանցքները և թափքին առկա Harley-Davidson տարբերանշանները: Նույն շեշտադրումները կատարված են նաև սրահում՝ կաշեպատ նստատեղերի նարնջագույն դարձակարեր, շեմերի հատուկ վերդիրեր, եզակի գորգեր և սարքավորումների վահանակի օրիգինալ էկրան: Ստանդարտ պիքապի հետ համեմատ հատուկ «մոտոցիկլային» տարբերակը ստացել է 65 տարբեր փոփոխություններ:



GMC Sierra Harley-Davidson-ի տեխնիկական բնութագրերը նույնն են, ինչ սերիական պիքապի ամենաբարձր՝ կրկնակի խցիկով Denali մոդիֆիկացիայինը: Այն սարքավորվում է 462 ձ.ուժ հզորությամբ և 624 Նմ ոլորող մոմենտով 6,2-լիտրանոց V8 շարժիչով, որը համակցվում է 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: 



Sierra Harley-Davidson-ի մեկնարկային գինը 95 000 դոլլար է, ինչը շուրջ 20 հազար դոլլարով ավելի թանկ է, քան սերիական ավտոմեքենայինը: Հատկանշական է, որ հայտարարված 250 ավտոմեքենաների մեծ մասը արդեն իսկ վաճառված է: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio