ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրապարակվել է 2019 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաների ցանկը:
12 Հունվար 2020
Հանրահայտ Euro NCAP կազմակերպությունը կազմել է առավել անվտանգ ավտոմեքենաների տարեկան վարկանիշային աղյուսակը: Անցած տարվա հաղթողներին որոշել են հինգ տարբեր անվանակարգերում, որոնք համապատասխանում են ավտոմեքենաների եվրոպական դասակարգմանը, ինչպես նաև հիբրիդային և էլեկտրական ավտոմեքենաների սեգմենտում:
2019 թվականին Euro NCAP-ը ընդհանուր առմամբ փորձարկել է 55 ավտոմեքենա, որոնցից 41-ը ստացել են հինգաստղանի գնահատական: Ընդ որում, ինչպես և նախորդ տարի, «Կոմպակտ ընտանեկան մեքենաների» դասում առավել անվտանգ է ճանաչվել Mercedes-Benz CLA մոդելը: Այս ավտոմեքենան 96 տոկոս է հավաքել մեծահասակ ուղևորնրի պաշտպանության, 91 տոկոս՝ սրահում գտնվող երեխաների և հետիոտների պաշտպանության, և 75 տոկոս՝ օժանդակող համակարգերի աշխատանքի համար:
«Մեծ ամենագնաց» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Tesla Model X-ը: Իլոն Մասկի ընկերության մեկ այլ մեքենա՝ Model 3 սեդանը հաղթել է միանգամից երկու անվանակարգում՝ «Ամենաանվտանգ հիբրիդ և էլեկտրամոբիլ» և «Մեծ ընտանեկան ավտոմեքենա»: Նշվածներից երկրորդում Model 3-ը առաջին տեղը կիսել է երրորդ սերիայի BMW-ի հետ:
Անվտանգության տեսանկյունից լավագույն կոմպակտ ամենագնաց է դարձել Subaru Forester-ը (մեծահասկաների պաշտպանություն՝ 97 տոկոս, երեխաների պաշտպանություն՝ 91 տոկոս, հետիոտների պաշտպանություն՝ 80 տոկոս և էլեկտրոնային համակարգերի աշխատանք՝ 74 տոկոս): Աննշան տարբերությամբ այս մոդելին զիջեցին Mazda CX-30-ը և Volkswagen T-Cross-ը: Հատկանշական է, որ կոմպակտ Mazda-ն բոլոր փորձարկված մեքենաների մեջ բացարձակ լավագույնն էր մեծահասակ ուղևորների պաշտպանության տեսանկյունից՝ 99 տոկոս: Սուբկոմպակտ քաղաքային ավտոմեքենաների անվանակարգում հաղթող ճանաչվեցին Audi A1-ն ու Renault Clio-ն (համապատասխանաբար 95 և 96 տոկոս ուղևորների պաշտպանության համար):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: