ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Nissan Sentra՝ հավատարիմ ֆիրմային ոճին:
25 Նոյեմբեր 2019
Լոս-Անջելեսի ավտոսրահում իր նորամուտն է նշել հաջորդ սերնդի Nissan Sentra-ն: Տեղական շուկայի համար գզալիորեն վերանայվել է շարժիչների շարքը: Այդպես, արտադրողը հրաժարվել է տուրբոագրեգատից, փոխարենը թողնելով միայն երկլիտրանոց մթնոլորտային շարժիչը:
Գլխավոր նորամուծություններից մեկը հետևի անկախ կախոցն է, որը փոխարինել է մինչ այդ կիրառվող տորսիոն հեծանին: Մոդելի անվային բազան աճել է 12 միլիմետրով (մինչև 2712 մմ), լայնությունը՝ 52 միլիմետրով (մինչև 1815 մմ), իսկ ահա բարձրությունը նախկինի հետ համեմատ նվազել է 56 միլիմետրով և այժմ կազմում է 1450 մմ:
Նոր սերնդի Sentra-ն փոփոխվել է նաև արտաքինից: Ռադիատորի V-աձև ճաղավանդակի և նոր լուսադիոդային օպտիկայի շնորհիվ սեդանը ավելի է նմանվել Altima/Teana և Maxima մոդելներին: Բացի այդ, սեդանի համար հասանելի կդառնան թափքի երկգույնանի ներկվածքը, 18-դյույմանոց անվասկավառկները, ինչպես նաև կառաջարկվի «սպորտային» SR տարբերակը՝ սփոյլերով և շեմքերի վերդիրներով:
Երկլիտրանոց մթնոլորտային շարժիչը զարգացնում է 151 ձ.ուժ հզորություն և համակցվում է ֆիրմային Xtronic վարիատորային փոխանցումատուփի հետ: Այսպիսով, Sentra-ն ոչ միայն զրկվել է նախորդ սերնդի համար հասանելի 1,4-լիտրանոց տուրբոշարժիչից, այլև՝ մեխանիկական փոխանցումատուփից: Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ հետագայում ուժային ագրեգատների շարքը կընդլայնվի:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: