ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը ցուցադրել է ինքնավար էլեկտրամոբիլի նոր կոնցեպտ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Հոկտեմբեր 2019
Տոկիոյի ավտոսրահի շրջանակներում կայացավ Lexus LF-30 Electrified կոնցեպտի ցուցադրությունը: Հինգմետրանոց ինքնավար էլեկտրամոբիլը սարքավորված է «ճայի թև» տեսակի դռներով և 544 ձ.ուժ հզորությամբ ուժային ագրեգատով, որը բաղկացած է 4 առանձին էլեկտրական շարժիչներից: Մեկ լիցքավորումով այն ունակ է հաղթահարել մինչև 500 կիլոմետր տարածություն:
Ֆուտուրիստական այս ավտոմեքենայի երկարությունը կազմում է 5090 մմ: Այն առանձնանում է նստատեղերի 2+2 բանաձևով և ունի դեպի վեր բացվող ընդամենը երկու դոռ: Յուրաքանչյուր անիվի վրա տեղադրված էլեկտրական շարժիչները ընդահնուր առմամբ զարգացնում են 544 ձ.ուժ հզորություն: Շարժիչների այսպիսի դասավորվածությունը թույլ է տալիս ըստ անհրաժեշտության ձևափոխել քարշակման եղանակը՝ անջատելով կամ միացնելով համապատասխան ուժային սարքը: Տեղից մինչև 100 կիլոմետր/ժամ արագությունը մեքենան կարող է զարգացնել 3,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժ:
Սրահի ձևավորումը նույնքան անսովոր է, որքան կոնցեպտի արտաքինը: Մեքենան սարքավորված է համայնապատկերային տանիքով, որը կարելի է վերածել սենսորային էկրանի: Դրա վրա, օրինակ, հետևի շարքի ուղևորները կարող են դիտել տեղանքի քարտեզը: Առանձին էկրաններ են նախատեսված վարորդի և առջևի ուղևորի համար, իսկ ավտոմեքենայի կառավարումը կարելի է իրականացնել թե ձայնային հրահանգների, թե ժեստերի օգնությամբ: Սրահի լրամշակման համար կիրառվում են զանազան ոչ ավանդական նութեր՝ սկսած վերամշակված մետաղից պատրաստված մանրաթելից, մինչև հատուկ մշակված ծխեցված նոճի փայտը:
Ենթադրվում է, որ Lexus LF-30 Electrified-ը չի դառնա սերիական, սակայն ճապոնական ընկերությունը պատրաստվում է իր առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի թողարկմանը: Նորույթը պետք է ցուցադրվի արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Ըստ արտադրողի, մինչև 2025 թվականը մոդելային շարքի յուրաքանչյուր ավտոմեքենա կունենա էլեկտրականացված համարժեքը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: