Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota Mirai՝ հինգմետրանոց սեդան 800 կմ ընթացքի պաշարով:
13 Հոկտեմբեր 2019

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է ջրածնային Mirai սեդանի երկրորդ սերնդի նախասերիական տարբերակը: Իր նախորդից նոր մոդելը ժառանգել է միայն անվանումը և ուժային սարքավորման տեսկաը: Մնացած բոլոր լուծումները վերանայվել են, ներառյալ շասսիի կառուցվածքը, քարշակման եղանակը և գնորդների թիրախային խումբը: 



Ներկայիս Toyota Mirai-ը կառուցված է Prius մոդելի հիման վրա, ունի առջևի քարշակում և նախատեսված է էկոակտիվիստների համար: Մինչդեռ մոդելի երկրորդ սերունդը այսուհետ կառուցված կլինի TNGA-N հենահարթակի վրա, որը աչքի է ընկնում հետևի քարշակմամբ և կիրառվում է ներկայացուցչական սեդանների ստեղծման համար: Նախագծի գլխավոր ինժեները խոստանում է, որ մեքենան կունենա ավելի դինամիկ բնութագրեր, որպեսզի գնորդները ընտրեն Mirai-ը ոչ միայն «ջրային» արտանետումների, այլև ուրիշ արժանիքների համար:



Արտաքին չափսերով նոր Mirai-ը գերազանցում է Camry-ն: Դրա երկարությունը 4975 միլիմետր է, լայնությունը՝ 1885 մմ, իսկ բարձրությունը՝ 1470 մմ: Անվային բազան աճել է մինչև 2918 միլիմետր: Ինտերիերի լուծումները իրականացված են ժամանակակից  Toyota-ների ոճով: Մուլտիմեդիա համակարգի սենսորային 12,3-դյույմանոց էկրանը թեքված է դեպի վարորդը, կենտրոնական բարձակի վրա առկա է հեռախոսի անլար լիցքավորման մոդուլը, իսկ փոխանցումատուփի ավանդական լծակը իր տեղը զիջել է ջոյսթիքին: 



Toyota-ն դեռևս շատ մանրամասներ չի հաղորդում մոդելի վերաբերյալ: Հայտնի է, որ ջրածնի ավելի մեծ ծավալով բալոնների և կատարելագործված էլեկտրաքիմիական գեներատորի շնորհիվ մեքենայի ընթացքի պաշարը նախատեսվում է մեծացնել շուրջ 30 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ ներկայիս սերնդի Mirai-ի այդ ցուցանիշը կազմում է 650 կիլոմետր NEDC ցիկլում, ապա կարելի է սպասել, որ նոր մոդելը ունակ կլինի հաղթահարել առնվազն 845 կիլոմետր: Ակնկալվում է, որ նոր Toyota Mirai-ի վաճառքները Ճապոնիայում կմեկնարկեն արդեն 2020 թվականի վերջին, իսկ 2021 թվականին սեդանը կհայտնվի նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio