ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայացավ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի» (ԱՊՆԱ) ասուլիսը:
05 Հոկտեմբեր 2019
Հոկտեմբերի 4-ին «Ռեդիսոն Բլու Հոթել, Երևան» հյուրանոցում կայացավ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի» (ԱՊՆԱ) ասուլիսը, որին բացի նշված ՀԿ նախագահից մասնակցում էին նաև հիմնադիր-անդամ հանդիսացող կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարներ:
Հավաքված լրագրողներին ներկայացվեցին Ասոցիացիայի հիմնադրման դրդապատճառները, գործունեության նպատակներն ու մոտակա ծրագրերը: Առանձնակի շեշտադրում կատարվեց երեք հիմնական կետերի վրա, այն է՝ օրենսդրական բարեփոխումներ ի նպաստ ոլորտի զարգացման և սպառողների շահերի ու սպասարկման մակարդակի բարձրացման, սոցիալական ծրագրերի իրականացում ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում, ինչպես նաև ժամանակակից մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների զարգացում:
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան», ստանձնելով նաև տեղեկատվական գործառույթ, հրավիրեց հասարակության ուշադրությանը այն հանգամանքին, որ 2020 թվականին ավարտվում է ԵՏՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ընձեռնած արտոնությունը և ուժի մեջ կմտնի «Անվային տրանսպորտային միջոցների մասին» ԵՏՄ Տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվում են մի շարք հստակ պահանջներ ԵՏՄ, այդ թվում՝ Հայաստանի տարածք ներմուծվող և այդտեղ շահագործվող ավտոմեքենաների նկատմամբ: Ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը այդ պահանջներից առանձնակի ընդգծեց ավտոմեքենաների էկոլոգիական դասին (Եվրո-4/Եվրո5) և արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայությունների հետ կապ ապահովող Էռա-Գլոնաս համակարգին վերաբերող պարտադիր կետերը:
Ասուլիս-հանդիպման ընթացքում հիշատակվեց նաև ԱՊՆԱ նախաձեռնած օրնեսդրական բարեփոխումը, որը կոչված է Հայաստանում ակտիվացնել թրեյդ-ին համակարգը: Վերջինս թույլ է տալիս օգտագործած ավտոմեքենաների վարորդներին փոխանակել իրենց վարած ավտոմեքենան նորով անմիջապես պաշտոնական ավտոսրահում: Այսպիսով հնարավոր կլինի լուծել մի քանի խնդիր, որոնցից կարևորագույններից է՝ առավել արդիական և անվտանգ ավտոպարկ ունենալը և վարորդներին հնարավորինս բարձր մակարդակի ծառայություններ մատուցելը: Թրեյդ-ին համակարգի վերաբերյալ իր տեսլականը արտահայտող պաշտոնական նամակը Ասոցիացիան արդեն իսկ ուղարկել է ՀՀ վարչապետին, ինչպես նաև մի շարք նախարարություններ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: