ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Honda-ն թարմացրել է CR-V քրոսովերը:
24 Սեպտեմբեր 2019
Հինգերորդ սերնդի CR-V ամենագնացի թողարկումից մի քանի տարի անց Honda-ն ներկայացրել է ԱՄՆ շուկայի համար նախատեսված մոդելի ռեսթայլինգային տարբերակը: Հիմնական տեխնիկական նորությունը հիբրիդային մոդիֆիկացիայի հայտնվելն է: Արտաքին թարմացումը արտահայտվում է ավելի մուգ լուսարձակներով, թափարգելների և ռադիատորի ճաղավանդակի դիզայնով, նոր քրոմապատ տարրերի առկայությամբ և արտանետման խողովակի դիրքով:
Ռեսաթայլինգային CR-V-ի սրահում առաջին հերթին նկատելի է վերափոխված կենտրոնական թունելը՝ սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլով և երկու USB միակցումներով: Հիբրիդային մոդիֆիկացիան էլ ավելի յուրահատուկ է: Ինչպես և մինչ այդ եվրոպական ու ճապոնական տարբերակներում, ԱՄՆ շուկայում առաջարկվող էլեկտրականացված CR-V-ն զրկվել է փոխանցումատուփի լծակից, իսկ փոխարկումը կատարվում է կոճակային փոխարկիչի օգնությամբ: Բացի այդ, էկոլոգիապես ավելի մաքուր տարբերակը կառանձնանա սարքավորումների վահանակի յուրօրինակ դիզայնով և էքստերիերի ձևավորման տարրերով:
Նորացված Honda CR-V-ն ժառանգել է ճապոնական մոդիֆիկացիայի հիբրիդային սարքավորումը, որտեղ 145 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց քառագլան մթնոլորտային շարժիչի հետ միասին աշխատում է ևս երկու էլեկտրական շարժիչ՝ ապահովելով ընդհանուր 215 ձ.ուժ հզորություն: Ընդ որում ամերիկյան շուկայում հիբրիդային մոդիֆիկացիան կառաջարկվի բացառապես լիաքարշ տարբերակով: Ըստ Honda-ի գնահատականների, հիբրիդային քրոսովերը քաղաքային ռեժիմում առնվազն 50 տոկոսով ավելի տնտեսող կլինի: Մեքենայի մարտկոցները տեղադրված են հատակի տակ, ինչը թույլ է տվել պահպանել սովորական մոդիֆիկացիայի սրահի տարողունակությունը:
Ավանդական ներքին այրման շարժիչով սարավորված քրոսովերները զրկվել են 187 ձ.ուժ հզոությամբ 2,4-լիտրանոց շարժիչից: Փոխարենը բազային կհամարվի 193 ձ.ուժ հզորությամբ 1,5-լիտրանոց բենզինային տուրբոագրեգատը, որը կհամակցվի վարիատորային փոխանցումատուփի հետ: Ենթադրվում է, որ ռեսթայլինգային Honda CR-V-ն վաճառքում կհայտնվի արդեն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում, իսկ հիբրիդային տարբերակները՝ հաջորդի սկզբում: Գները կհայտարարվեն լրացուցիչ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: