ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Mercedes B-Class՝ քաղաքային շարժունակության նոր ոճ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍՆԱՅՈՒԹ)
04 Հոկտեմբեր 2018
Փարիզում պաշտոնապես ցուցադրվեց երրորդ սերնդի Mercedes B-Class մոդելը: Հիմնականում բացահայտվել են ավտոմեքենային առնչվող բոլոր տվյալները: Եվ չնայած տեխնիկական առումով ավտոմեքենան զգալիորեն նմանվում է նոր A-Class-ին, կան նաև նկատելի տարբերություններ:
A-Class-ում կիրառված հիմնական ֆիրմային ոճը նկատելի է և նոր մոդելում, սակայն այս կոմպակտ տուրերն առանձնանում է ավելի կարճ կապոտով և ոչ այդքան կտրուկ թեքված առջևի կանգնակներով: Իր նախորդի համեմատ մեքենան ստացել է 30 մմ ավելի երկար անվային բազա, որն այժմ կազմում է 2729 մմ: Ընդհանուր կերպարն էլ իր հերթին ավելի դինամիկ է, ինչին նպաստում են տանիքի ավելի ցածր գիծը և ավելի մեծ անիվները, որոնք առաջարկվում են 16-ից 19 դյույմ տրամագծով:
Բազային տարբերակում հաճախորդներին հասանելի կլինեն հալոգենային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի լուսադիոդային լամպերով, սակայն որպես օպցիա հնարավոր կլինի ընտրել ինչպես պասսիվ լուսադիոդները, այնպես էլ առաջադեմ Multibeam LED լուսարձակները՝ լույսի ճառագայթի ադապտիվ կառավարմամբ:
Նոր B-Class-ի ինտերիերը զգալիորեն նմանեցված է ավելի կտրսեր մոդելին, սակայն ամբողջությամբ չի կրկնում այն: Այստեղ սրահը ակնհայտորեն բաժանված է երկու գոտու՝ վարորդական և ուղևորական: Ուրվագծային լուսավորությունն առաջարկվում է 64 գունային տարբերակներով, որոնք կարելի է զուգորդել զույգ-զույգ:
Վարորդի նստելադիրքը բարձր է 9 սանտիմետրով: Ընդ որում ամրագոտու վերին կետերն իջեցվել են, ինչը նպաստում է ընդարձակության զգացողություն ստեղծելուն: Վարորդական նստատեղի կառավարումն իրականացվում է նաև ըստ բարձրության, ինչը յուրահատուկ ձեռքբերում է նման ցածր տանիք ունեցող ավտոմեքենայի համար: Սրահը լայնացել է 33 միլիմետրով, և Mercedes-Benz-ի մասնագետների պնդմամբ՝ արմունկների հատվածում այն այժմ համեմատելի է նույնիսկ D-դասի մոդելների հետ: Որպես օպցիա առաջարկվում են բազմակոնտուրային նստատեղեր՝ մերսման, օդափոխման և դիրքի հիշողության ֆունկցիաներով: Վարորդի նստատեղի համար հասանելի է Energizing ֆունկցիան, որը նպաստում է մեջքի հանգստությանը՝ ինքնուրույն փոփոխելով թիկնակի և բարձիկի անկյունները՝ կախված վարորդի մարմնի դիրքից:
B-Class-ը սարքավորվում է ինքնաուսուցվող MBUX մեդիահամակարգով, որը արձագանքում է «Hey, Mercedes» դիմելաձևին և ազատ կառավարվում է ձայնային հրահանգների միջոցով: Բազային տարբերակում համակարգը առաջարկվում է 7-դյույմանոց երկու էկրանով, որոնք պատվերով կարելի է փոխարինել 10,25-դյույմանոց սարքերով: Ֆունկցիաների մեծամասնության տվյալների ցուցադրումը կառավարվում է ղեկի թաչփադ կոճակներով, իսկ որոշակի լրավճարի դիմաց կառաջարկվի նաև 24х8 չափսի պրոյեկցիոն դիսփլեյը:
Կիսաավտոմատ ինքանավար համակարգը աշխատում է նույն սկզբունքով, ինչը կիրառված է և S-Class-ում: Ռադարներն ու տեսախցիկները թույլ են տալիս մեքենային ինքնուրույն տեղաշարժվել և անհրաժեշտության դեպքում վերադասավորվել շարքից շարք, պահպանել հոսքի արագությունը, արգելակել մինչև ամբողջական կանգառը և այնուհետ նորից շարունակել շարժումը: Եթե վարորդը որոշ ժամանակ ոչ մի գործողություն չի ձեռնարկում և չի արձագանքում համակարգի արձակած ազդանշաններին, B-Class-ը սահուն կերպով կանգ կառնի, կմիացնի վթարային լույսերն ու օգնության կկանչի համապատասխան ծառայություններին:
Ավտոմեքենայի բեռնախցիկի ծավալը գրեթե չի աճել, ավելին՝ որոշ մոդիֆիկացիաներում նույնիսկ նվազել է մինչև 455 լիտրի, եթե երկրորդ շարքի նստատեղերը մինչև վերջ հետ քաշվեն: Իսկ ահա եթե դրանց թիկնակները բարձրացվեն, իսկ նստատղերն էլ առաջ տարվեն 14 սանտիմետրով, ապա բեռնախցիկի ծավալը կկազմի 707 լիտր՝ նախկին 666 լիտրի փոխարեն: Ամբողջովին ծալելով նստատեղերը՝ կարելի է ստանալ մինչև 1540 լ ծավալով տարածություն: Հինգերորդ դուռը, բնականաբար, սարքավորվում է էլեկտրական շարժակով և հեռակառավարմամբ: Այն կարելի կլինի բացել հեռակառավարման վահանակից, կամ պարզապես հետևի թափարգելի տակ ոտքի շարժումով:
Նոր սերնդի B-Class-ի հետ իր նորամուտն է նշում նաև երկլիտրանոց OM 654q դիզելային շարժիչը՝ ալյումինե բլոկներով և պողպատյա մխոցներով: Այն բավարարում է 2020 թվակնաից ուժի մեջ մտնող Euro 6d բնապահպանական նորմերին: Շարժիչն առաջարկվում է 150 ձ.ուժ և 190 ձ.ուժ հզորությամբ, ընդ որում վերջինիս ծախսը կազմում է ընդամենը 4,5լ/100 կմ:
Ներկայիս պահին միայն այս շարժիչի համար հասանելի կլինի երկու կցորդիչներով 8-աստիճան ավտոմատ փոխանցումատոսւփը: Ավելի փոքր դիզելը (1,5 լ, 116 ձ.ուժ) և բենզինային քառագլան տարբերակները (1,33 լ, 136 ձ.ուժ և 163 ձ.ուժ) դեռևս սարքավորվելու են ավանդական 7-աստիճան փոխանցումատուփերով, իսկ մեխանիկական տարբերակներ մոտ ժամանակում չեն լինի ընդհանրապես: Հետագայում ակնկալվում է նաև լիաքարշ 4Matic տարբերակների թողարկումը:
Ընթացային մասը, ինչպես և նախկինում, կառաջարկվի մի քանի տարբերակներով: Այս պահին հայտնի է միայն, որ սարքավորումների ցանկը ներառում է ինչպես հարմարավետ ցածր կախոցն, այնպես էլ դրա սպորտային տարբերակը՝ ադապտիվ մեղմիչներով, որոնց աշխատանքը կարելի է կարգավորել Drive Select մենյուի միջոցով:
Վաճառքների մեկնարկը կտրվի սույն թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ առաջին ավտոմեքենաները գնորդներին կհասցվեն 2019 թ. փետրվարին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: