ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan Navara-ն վերածվել է շարժական աստղադիտարանի:(ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Սեպտեմբեր 2018
Ճապոնական Nissan ընկերության և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) մասնագետների համատեղ ջանքերով Navara պիքապը վերածվել է շարժական աստղադիտարանի: Navara Dark Sky անվանումը ստացած նախատիպը սարքավորվել է պրոֆեսիոնալ աստղադիտակով և ներկայացվել է հանրությանը Հանովերում կայացած՝ կոմերցիոն տրանսպորտի ցուցահանդեսի շրջանակներում:
Nissan Navara Dark Sky ցուցադրական ավտոմեքենան դարձել է աստղային երկնքի առավել ճշգրիտ քարտեզը կազմելու լայնածավալ ծրագրի մի մասը: Այս նպատակով ESA-ն արդեն իսկ օգտագործում է աստղաչափական Gaia արբանյակը, որը ներկայիս դրությամբ գրանցել և Երկիր է փոխանցել ավելի քան մեկ միլիարդ աստղի վերաբերող տվյալներ:
Nissan-ի մասնագետների պատկերացմամբ այս պիքապը օգտակար կլինի աստղագետներին, երբ կարիք կառաջանա հասնել այնպիսի վայրերի, որոնք աչքի են ընկնում կատարելապես մուգ երկնքով (Excellent Dark Sky) և որտեղ նվազագույնի է հասցված լուսային աղտոտվածությունը (գիշերային երկնքի լուսավորումը լույսի արհեստական աղբյուրների առկայության պատճառով) և բարձր է տիեզերական օբյեկտների սեփական պայծառությունը:
Պիքապը սարքավորված է 190 ձ.ուժ հզորությամբ 2,3-լիտրանոց դիզելային շարժիչով, որը զարգացնում է 450 Նմ ոլորող մոմենտ: Այն նաև համալրված է մարտկոցների շարժական բլոկով, հասանելիության WiFi-կետով, նոթբուքի աշխատացման համար անհրաժեշտ դոկ-կայանով և ուլտրակարճ ալիքներով աշխատող հաղորդիչով: Թրեյլերի կատարյալ դիրքը գտնելուն օգնում են տեսախցիկն ու Nissan Intelligent Mobility համալիրի, մասնավորապես, շրջանածիր տեսադաշտի համակարգի ու կցորդի դիրքի ավտոմատ շտկման համակարգի ցուցիչները:
Կցորդը, որի վրա տեղադրված է PlaneWave աստղադիտակը, պաշտպանված է մեխանիկորեն կառավարվող ծածկով: Այդ մոդուլի ներսում օդն անընդհատ սառեցվում է, որպեսզի պահպանվեն գերճշգրիտ օպտիկական սարքերի կարգավորումները:
Այս աստղադիտակը թույլ է տալիս ուսումնասիրել Սատուրնի օղակներից այն կողմ ընկած տարածությունները և դիտարկել նաև հեռավոր գալակտիկաներն ու տիեզերական այլ օբյեկտներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: