ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volvo 360c` հավանական այլընտրանք ինքանթիռների համար: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Սեպտեմբեր 2018
Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրեց ամբողջովին ինքնավար 360c կոնցեպտը, որը կոչված է վերաիմաստավորել նմանատիպ ավտոմեքենաների օգտագործման սցենարները և տրամադրել առաջնակարգ զբոսանավերին բնորոշ հարմարավետություն: Ընկերությունում նույնիսկ համարում են, որ ապագայում նման ավտոմեքենաները կարող են այլընտրանք դառնալ ներքին ավիափոխադրումների համար:
Volvo 360c-ն ամբողջովին ինքնավար էլեկտրամոբիլ է՝ զուրկ ղեկից և կառավարման ոտնակներից: Կախված պահանջից, այն կարող է ծառայել որպես գիշերակաց, շարժական գրասենյակ, ընտանեկան հանդիպումների համար նախատեսված հյուրասենյակ կամ ժամանցի վայր: Ավտոմեքենայի ընթացքի պաշարը կազմում է շուրջ 300 կմ:
Հաճախ ներքին ավիափոխադրումները անհարմարություններ են պատճառում ուղևորներին, քանի որ օդանավակայանները հեռու են տնից, անվտանգության միջոցառումները ևս շատ ժամանակ են խլում, իսկ չվերթները ուշանում են: Ըստ արտադրողի՝ Volvo 360c-ի առաքելություններից մեկն էլ այս խնդրի լուծումն է:
Այս կոնցեպտի օրինակով շվեդական ընկերությունը նպատակ ունի նաև ցուցադրել երթևեկության այլ մասնակիցների հետ հաղորդակացման նոր ունիվերսալ համակարգի հնարավորությունները: Խոսքը ձայների, գույների, տեսողական ազդանշանների և շարժումների ընդհանրության մասին է, որոնց միջոցով շրջապատը տեղեկանում է ինքնավար ավտոմեքենայի գրծողությունների մասին:
Նախատիպի հետաքրքիր առանձնահատկություններից է պաշտպանիչ ծածկոցը, որը կարող է աշխատել որպես եռակետ ամրագոտի, ինչպես նաև ծառայել պառկած ուղևորի կարիքները հոգալուն:
Volvo 306c նախատիպի տեխնիոկական մասնագրերը դեռևս չեն բացահայտվում: Խոսք չի գնում նաև դրա սերիական արտադրության մասին: Մոտ ապագայում կոնցեպտը, հավանաբար, կծառայի որպես դիզայներական և տեխնոլոգիական լուծումների ցուցադրական նմուշ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: