ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԱվտոՎԱԶ»-ը ներկարյացրեց նոր Lada 4x4 մոդելը:
30 Օգոստոս 2018
Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը Մոսկվայում անցկացվող Միջազգային ավտոսրահում ներկայացրեց Lada 4x4 ամենագնացի նոր սերնդի նախատիպը: Ավտոմեքենան ստացել է 21-դյույմանոց անվասկավառակներ, համայնապատկերային տանիք, ինչպես նաև երկու թվային էկրան՝ վարորդի և առջևի ուղևորի համար:
Կոնցեպտի դիզայնը իրականացված է «Х»-ոճով, որն առաջին անգամ կիրառվել էր Vesta ընտանիքի վրա: Մոդելը առանձնանում է ռադիատորի սև սնդուսափայլ վանդակաճաղով, առջևի լուսադիոդային լուսարձակներով և կապոտի մեջ ներկառուցված շրջադարձի ցուցիչներով, որոնք հիշեցնում են դասական մոդելի լուծումները:
Տեսողաբար նոր Lada 4x4-ը թողնում է 3-դռնանի ավտոմեքենայի տպավորություն, սակայն հետնամասում առկա են թաքնված բռնակներով դռներ, որոնք բացվում են շարժման ուղղությանը հակառակ: Ընդ որում նախատիպը զրկվել է կենտրոնական կանգնակից, ինչն ապահովում է ուղևորների լրացուցիչ հարմարավետությունը:
Թափքի աջ մասում՝ որպես վառելիքի բաքի խուփի հակակշիռ, տեղադրված է 220 Վ լարմամբ վարդակ: Այն նախատեսված է ցանկացած էլեկտրական սարքավորումների լիցքավորման համար, երբ ավտոմեքենան աշխատում է փակ և կենտրոնական փականով բլոկավորված դռներով:
Ինչպես նշում են «ԱվտոՎԱԶ»-ում, 4х4 Vision նախատիպը կառուցված է 4,2 մետր երկարությամբ հենահարթակի հիման վրա: Լուսածերպի, ինչպեսն նաև ուղեմուտքի և վայրէջքի անկյունների ցուցանիշները դեռևս չեն պարզաբանվում, սակայն Տոլյատիում հավաստիացնում են, որ դրանք կլինեն «չափազանց տպավորիչ»: Նախնական տվյալներով սերիական ավտոմեքենան կսարքավորվի 1,8 լիտր ծավալով և 122 ձ.ուժ հզորությամբ շարժիչով և նոր փոխանցումատուով:
Չնայած այն հանգամանքին, որ նորույթը շուկա կհանվի արդեն 2019 թ կեսերին, դրա արտադրությանը զուգահեռ կշարունակի թողարկվել նաև ներկայիս սերնդի ավտոմեքենան, ենթադրաբար՝ մինչև 2021թ.:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: