Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bugatti-ն ներկայացրեց նոր «էքստրեմալ» մոդելը՝ Bugatti Divo-ն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Օգոստոս 2018

The Quail – A Motorsports Gathering միջոցառման ընթացքում ֆրանսիական Bugatti ընկերությունը ներկայացրեց իր նոր մոդելը՝ Divo-ն: Chiron-ի հենքի վրա կառուցված հիպերկարը «Նարդո» թեստային մրցուղին հաղթահարում է 8 վայրկյանով ավելի արագ, քան հենց իր «նախահայրը»:

Bugatti Divo էքստերիեր

Իր անվանումը Divo մոդելը ստացել է ֆրանսիացի մրցարշավորդ Ալբերտ Դիվոյի պատվին, որը 1928 թ. միացել էր Bugatti գործարանային թիմին և Type 35 B ավտոմեքենայով երկու անգամ հաղթել է Targa Florio մրցավազքում: Երկու տարի անց՝ 1930 թ, Դիվոն երրորդ տեղը գրավեց բելգիական Սպայում:

Bugatti Divo էքստերիեր

Bugatti Divo-ի դիզայնի ոճը համապատասխանում է «ձևը հետևում է արտադրողականությանը» գաղափարախոսությանը, որտեղ յուրաքանչյուր տարր կատարում է որոշակի ֆունկցիա՝ օգնելով մեծացնել շրջադարձերի հաղթահարման արագությունը և լայնակի արագացման ցուցանիշը: 

Bugatti Divo էքստերիեր

Bugatti Divo-ի առանձնահատկություններից հիշատակման են արժանի առջևի նեղ՝ 35 մմ լայնությամբ օպտիկան, որի համար հատուկ մշակվել է առանձին անիմացիա, NACA շրջահոսիչները տանիքի վրա, հետևի եռաչափ լապտերները, որոնք բաղկացած են տարբեր չափսերի 44 տարրից, 1,83 մ լայնությամբ հետևի սփոյլերը, ինչպես նաև փոփոխված դիֆուզորը՝ արտանետման չորս խողովակով: 

Bugatti Divo՝ ինտերիեր

Նոր աերոդինամիկ տարրերի շնորհիվ Bugatti Divo-ն գեներացնում է  մինիչև 456 կգ սեղմիչ ուժ, ինչը 90 կգ ավելին է, քան Chiron-ի համապատասխան ցուցանիշը: Շրջադարձերում կողային ծանրաբեռնվածության աստիճանը կարող է հասնել մինչև 1,6 g (Chiron-ի դեպքում՝ 1,5 g): Այս ամենով հանդերձ հիպերկարի առավելագույն արագությունը սահմանափակված է 380 կմ/ժ ցուցանիշի վրա: 

Bugatti Divo՝ ի՝էքստերիեր

Հարկ է նշել, որ Bugatti Divo-ն 35 կգ ավելի թեթև է, քան ստանդարտ Chiron-ը: Զանգվածի նվազեցումը հնարավոր է դարձել ավելի թեթև անվասկավառակների, թափքում ածխածնային տարրերի կիրառման, նոր աուդիոհամակարգի տեղադրման, ինչպես նաև մեկուսիչ նյութերի օգտագործումը կրճատելու շնորհիվ: Բացի այդ հիպերկարը զրկվել է կենտրոնական բարձակի և դռների փոքրիկ պահոցներից: 

Bugatti Divo՝ շարժիչ

Divo-ն սարքավորվում է նույն ուժային ագրեգատով, որը բաժին է հասնում Bugatti Chiron-ին: Դա 8-լիտրանոց W16 տուրբոշարժիչն է, որը զարգացնում է 1500 ձ.ուժ և 1600 Նմ ոլորող մոմենտ:  Չնայած այն հանգամանքին, որ Divo-ի դինամիկ բնութագրերը դեռևս չեն բացահայտվել, հաշվի առնելով, որ նույն շարժիչով  Bugatti Chiron-ը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,4 վայրկյանում, կարելի է ենթադրել, որ դրանք առնվազն չեն զիջում, իսկ հավանաբար նաև գերազանցում են տվյալ ցուցանիշը:  


Bugatti Divo-ն կարտադրվի 40 օրինակով, որոնք բոլորն էլ արդեն վաճառված են: Հիպերկարի նվազագույն  արժեքը կազմում է  5 միլիոն եվրո:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio