ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen-ը ներկայացրեց երկհարկանի շարժական տունը:
08 Օգոստոս 2018
Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրեց Grand California անվանումն ստացած երկհարկանի շարժական տունը, որը կառուցված է Crafter մոդելի հիման վրա: Նորույթը հանրությանը հասանելի դարձավ Դյուսելդորֆում ընթացող մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:
Մեքենայի գաբարիտային երկարությունը կազմում է վեց մետր, իսկ անվային բազան՝ 3,6 մետր է: Խցիկի բարձրությունը հասնում է 2,2 մետրի: Մինչև 180 աստիճանով պտտվող առջևի նստատեղերի հետևում գտնվում է «ճաշասենյակային» գոտին՝ հարմարավետ սեղանով:
Ավելի խորքում է տեղակայված հիգիենայի սենյակը՝ մեկ քառակուսի մետր մակերեսով: Այն ներառում է զուգարանը, ցնցուղն ու ծալվող լվացամանը: Լույսը վառվում և հանգում է ավտոմատ եղանակով՝ շարժման ցուցիչների շնորհիվ: Ուղևորները հնարավարություն ունեն կարգավորել ցնցուղի ջերմաստիճանն, իսկ ջրի բաքի ծավալը կազմում է 110 լ:
Խոհանոցային հատվածում են գտնվում սալօջախը՝ երկու այրոցներով ու ևս մեկ լվացաման: Այստեղ կգտնեք նաև զանազան պահոցներ և պահարաններ, ինչպես նաև 70 լ ծավալով սառնարան:
Եվ վերջապես, ավտոմեքենայի հետնամասում է տեղադրված մեծ մահճակալը: Որպես օպցիա հնարավոր է պատվիրել նաև «երկրորդ հարկ», որտեղ կարելի կլինի տեղադրել մի քանի քնատեղ երեխաների համար: Այս դեպքում ավտոմեքենայի բարձրությունը կհասնի համարյա երեք մետրի:
Օպցիաների ցանկը ներառում է նաև ջեռուցման լրացուցիչ համակարգեր, հեծանիվների ամրաններ և ակտիվ ընտանեկան հանգստի ու քեմփինգի համար նախատեսված այլ հարմարանքներ ու սարքավորումներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: