Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարմիր ցուլը դուրս է գալիս իր կաշվից: Red Bull-ը գերիշխում է Մոնակոյում:
01 Հունիս 2018

Մայիսի 27-ին կայացավ 2018 թ. Ֆորմուլա 1 առաջնության վեցերորդ մրցափուլը, որը համարվում է Թագավորական մրցարշավների ադամանդը: Խոսքը Մոնակոյի Գարն-պրիի մասին է, որն այս անգամ անցավ Red Bull-ի առավելությամբ: 



Առաջնության ամենադանդաղ մրցուղին վերջին տարիներին ավանդաբար անահջող է դասավորվում Mercedes թիմի համար, որի բոլիդները հիմնականում աչքի են ընկնում ավելի արագ մրցուղիներում: Այս հանգամանքից օգտվեց Ferrari-ն, որը կարողացավ որակավորման փուլում  մարտահրավեր նետել Red Bull-ին, ինչին նպաստեց նաև Մաքս Ֆերսթապենի հերթական "գլուխգործոցը”: Հոլանդացին ջարդեց ավտոմեքենան շաբաթօրյա նախավարժանքի ժամանակ և չնայած ինժեներների և մեխանիկների գործադրած բոլոր ջանքերի, այդպես էլ չկարողացավ մասնակցել որակավորման փուլին: Միևնույն ժամանակ իր թիմակից՝ ավստրալացի Դանիել Ռիկիարդոն վստահորեն նվաճեց փոուլը: Հետաքրքիր է, որ սա նրա երկրորդ փոուլն էր կարիերայում, իսկ առաջինը նվաճվել էր մեկ տարի առաջ՝ կրկին Մոնակոյում: Այսպիսով երկու Red Bull-ները պայքարը սկսեցին համապատասխանաբար առաջին և վերջին տեղից: 



Մեկնարկում պիլոտներըն հիմնականում պահպանեցին իրենց դիրքերը, միայն Ֆերսթապենը կարողացավ շրջանցել երկու մրցակիցներին: Այնուհետ, ինչպես բնորոշ է Մոնակոյին, պայքարը թևակոխեց մարտառազմավարական փուլ, երբ առավել նշանակություն ստացավ մեխանիկների աշխատանքը պիթ-ստոպերի ժամանակ: Չնայած մի քանի մանր միջադեպերին՝ մրցարշավորդներն ամբողջ կազմով շարունակում էին պայքարը մինչև 53-րդ շրջանը, երբ փոխանցումատուփի անսարքության պատճառով մրցավազքից դուրս մնաց Ֆերնանդո Ալոնսոն: Սա իսպանացու վարած McLaren-ի համար առաջին տեխնիկական խափանումն էր ողջ առաջնության ընթացքում, ինչի պատճառով նա զրկվեց գրեթե երաշխավորված միավորներից:  



Այդ ընթացքում Ֆերսթապենն արդեն հասցրել էր հասնել միավորային գոտու սահմաներին և պայքարում էր երկու Renault-ների հետ: Շրջանցելով Կարլոս Սայնսին՝ հոլանդացին դեռևս մի քանի շրջան փորձեց պայքարել նաև Հյուլկենբերգի հետ, սակայն մրցավազքի վերջում մաշված անիվներն ու մրցուղու կառուցավծքը թույլ չտվեցին նրան շրջանցել գերմանացուն:



Միակ լուրջ միջադեպը գրանցվեց մրցավազքի 73-րդ շրջանին, երբ Շարլ Լեկլերն իր Sauber-ի արգելակների անսարքության պատճառով բախվեց Հարթլիի Toro Rosso-ին, ինչի հետևանքով երկու մրցարշավորդներն էլ դուրս մնացին պայքարից, իսկ մրցուղում հայտարարվեց անվտանգության ավտոմեքենայի վիրտուալ ռեժիմ: Սա, ասես, վերջնական հաստատեց մրցարշավորդների՝ այդ պահին առկա դիրքերը, ինչն էլ նշանակում էր, որ Դանիել Ռիկիարդոն կգրանցի մրցաշրջանում իր առաջին հաղթանակը: Երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան Սեբասթիան Ֆեթելին և Լյուիս Հեմիլթոնին: Բացի նշված մարիզկներից միավորներ հավաքեցին նաև Ռայկկոնենը, Բոթասը, Օկոնը, Գասլին, Հյուլկենբերգը, Ֆերրսթապենն ու Սայնսը:


Առաջնության հաջորդ փուլը՝ Կանադայի Գրան-պրին, տեղի կունենա երկու շաբաթ անց, իսկ կայացած վեց փուլից հետո մրցաշարային աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Լյուիս Հեմիլթոն, Mercedes –             110 միավոր
2. Սեբասթիան Ֆեթել, Ferrari –              96 միավոր
3. Դանիել Ռիկիարդո, Red Bull –           72 միավոր
4. Վալթերի Բոթաս, Mercedes –              68 միավոր
5. Կիմի Ռայկկոնեն, Ferrari –                  60 միավոր


ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Mercedes AMG Petronas Motorsport-    178 միավոր
2. Scuderia Ferrari –                                    156 միավոր
3. Aston Martin Red Bull Racing –             107 միավոր
4. Renault Sport Formula 1 Team –               46 միավոր
5. McLaren F1 Team –                                   40 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio