ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայսրությունը հասցնում է պատասխան հարված՝ Mercedes-ը գերիշխում է Բարսելոնայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Մայիս 2018
Մայիսի 13-ին Իսպանիայում կայացավ 2018 թ. Ֆորմուլա 1 առաջնության հինգերորդ մրցափուլը, որը սովորաբար թույլ է տալիս գնահատել թիմերի ուժերի հարաբերակցությունը մինչև ամառային արձակուրդն ընկած ժամանակահատվածում: Ինչպես և նախորդ մրցափուլերում հիմնական պայքարը ծավալվեց Mercedes-ի և Ferrari-ի միջև, որից հաղթող դուրս եկան Շտուտգարտի ներկայցուցիչները:
Թիմերը վերադարձան Բարսելոնա մի քանի ամիս ընդմիջումից հետո: Միջսեզոնային թեստերը, որոնք անցան գրեթե էքստրեմալ պայմաններում՝ ձնապատ մրցուղու վրա, ապացուցեցին, որ այս մրցափուլի արդյունքը մշտապես կախված է անվադողերի աշխատանքից, ինչը մեկ անգամ ևս ապացուցվեց պաշտոնական մրցափուլի ընթացքում:
Ուրբաթ և շաբաթ օրերին կայացած մարզումների ժամանակ Mercedes-ի պիլոտները բարձրաձայնեցին իրենց հավակնությունների մասին, իսկ որակավորման փուլում գրավեցին մեկնարկային վանդակաճաղի առաջին շարքը, ընդ որում Լյուիս Հեմիլթոնը նվաճեց երկրորդ փոուլն անընդմեջ: Երկրորդ շարքը ամբողջությամբ բաժին հասավ Ferrari-ի մրցարշավորդներին, իսկ երրորդն էլ ՝ Red Bull Racing-ին:
Մրցավազքի մեկնարկին Հեմիլթոնը պահպանեց առաջատարի դիրքը, իսկ ահա Ֆեթելին հաջողվեց շրջանցել Վալթերի Բոթասին: Ինչպես հաճախ է տեղի ունենում Բարսելոնայում, արդեն առաջին իսկ շրջանին պելոտոնի խորքում տեղի ունեցան բախումներ: Ալոնսոն չկիսեց ճանապարհը Սայնսի հետ, Մագնուսենի և Գրոժանի պայքարում ֆրասնիացու ավտոմեքենան տեղապտույտ կատարեց և վառվող անվադողերից դուրս եկող ծխի մեջ հայտնվեց հետագծի վրա, ինչի հետևանքով Haas-ին բախվեցին Հյուլկենբերգն ու Գասլին: Բնականաբար, երեքն էլ դուրս մնացին պայքարից, իսկ մրցուղում հայտնվեց անվտանգության ավտոմեքենան:
Մրցավազքը վերսկսվեց վեցերորդ շրջանին, և Հեմիլթոնը կրկին հնարավորություն չտվեց մրցակիցներին իրենից առաջ անցնել: Պիլոտները մտան տակտիկական պայքարի մեջ, որտեղ կարևոր էին կատարվելիք պիթ-ստոպների պահն ու տևողությունը: Քսանհինգերորդ շրջանին շարժիչի անսարքության հետևանքով պայքարից դուրս մնաց Կիմի Ռայկկոնենը՝ զրկելով Ferrarի-ին զգալի քանակությամբ միավորներից: Մոտ տասը շրջան անց նույն ճակատագրին արժանացավ Էսթեբան Օկոնի Force India-ն, սակայն պիլոտը չկարողացավ հեռացնել բոլիդը մրցուղուց, ինչի պատճառով կազմակերպիչները կրկին ստիպված եղան բաց թողնել անվտանգության մեքենան:
Մրցավազքի վերսկսելուց հետո առավել ուշագրավ դրվագը Ստոֆել Վանդորնի վարած McLaren-ի խափանումն էր: Ի դեպ սա այս տարի անցկացրած բոլոր մրցափուլերի ընթացքում առաջին դեպքն էր, երբ բրիտանական թիմի բոլիդը դուրս է մնում պայքարից, ինչը չտեսնված հաջողություն կարելի է համարել՝ նախորդ տարիների տառապանքների հետ համեմատ: Իսկ պելոտոնի գլխամասում գրեթե պայքար տեղի չունեցավ: Երկու Mercedes-ները առանց լուրջ դիմադրության եզրագիծը հատեցին ճիշտ այն հերթականությամբ, որով մեկնարկել էին: Մրցանակային երրորդ տեղը բաժին ընկավ Մաքս Ֆերսթապենին, որը պիթ-ստոպի ժամանակ կարողացավ շրջանցել Սեբասթիան Ֆեթելի Ferrari-ն: Բացի այս չորս պիլոտներից միավորներ վաստակեցին նաև Դանիել Ռիկիարդոն, Քևին Մագնուսենը, Կարլոս Սայնսը, Ֆերնանդո Ալոնսոն, Սերխիո Պերեսը և Շարլ Լեկլերը:
Առաջնության հաջորդ փուլը՝ Մոնակոյի Գրան-պրին, տեղի կունենա երկու շաբաթ անց, իսկ կայացած հինգ փուլից հետո մրցաշարային աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Լյուիս Հեմիլթոն, Mercedes – 95 միավոր
2. Սեբասթիան Ֆեթել, Ferrari – 78 միավոր
3. Վալթերի Բոթաս, Mercedes – 58 միավոր
4. Կիմի Ռայկկոնեն, Ferrari – 48 միավոր
5. Դանիել Ռիկիարդո, Red Bull – 47 միավոր
ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ
1. Mercedes AMG Petronas Motorsport- 153 միավոր
2. Scuderia Ferrari – 126 միավոր
3. Aston Martin Red Bull Racing – 80 միավոր
4. Renault Sport Formula 1 Team – 41 միավոր
5. McLaren F1 Team – 40 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: