Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rolls-Royce Cullinan` ապրանքանշանի առաջին ամենագնացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Մայիս 2018

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը առաջին անգամ իր պատմության մեջ  ներկայացնում է ամենագնաց ավտոմեքենա: Այն ստացել է Cullinan անվանումը՝ ի պատիվ Բրիտանական Կայսրության Թագը զարդարող աշխարհում ամենամեծ ադամանդի:

Rolls-Royce Cullinan-ի ռադիատորի վանդակաճաղը

Ի տարբերություն հիմնական մրցակցի՝ Bentley Bentayga մոդելի, որը ստեղծված է Volkswagen Touareg և Audi Q7 ամենագնացների հենահարթակի հիման վրա, Rolls-Royce Cullinan-ը առնչություն չունի BMW-ի համապատասխան մոդելների հետ: Դրա հիմքում ընկած է այսպես կոչված «Շքեղության ճարտարապետությունը», օրիգինալ մոդուլային հենահարթակ, որն արդեն իսկ կիրառվել է Rolls-Royce Phantom VIII սեդանի կառուցվածքում: Rolls-Royce Cullinan-ը ստացել է լիովին նոր առջևի կախոց, լիաքարշ համակարգ  և հետևի անիվների կառավարման ֆունկցիա: 

Rolls-Royce Cullinan-ի կաշեպատ սրահը

Ընթացքի սահունությունն ապահովելու համար կիրառված են ավելի մեծ ծավալով պնևմաբարձիկներ, ինչի շնորհիվ ավտոմեքենայի նախագծողները արտաճանապարհային ուղևորությունը համեմատում են թռչող գորգով ճանապարհորդության: Շասսիի արտաճանաարհային ռեժիմի ակտիվացման համար բավական է սեղմել կենտրոնական բարձակի վրա առկա կոճակը:  Թափքը հավաքված է ալյումինից պատրաստված տարածական կարկասի հիման վրա, ինչի շնորհիվ քրոսովերը  առանձնանում է համեմատաբար փոքր զանգվածով՝ 2660 կիլոգրամ:

Rolls-Royce Cullinan-ի կառավարման բարձակը

Արտաքինից Cullinan-ն իր ուղիղ գծերով ավելի շատ նմանվում  է Phantom առաջատար մոդելին, քան շրջահոսելի Ghost սեդանին: Rolls-Royce-ի ներկայիս բոլոր մոդելները, մասնավորապես՝ Phantom-ը, առանձնանում են թափքի բարձրությամբ և կոթողային ուղղաձիգ առաջնամասով: Երկծավալանի համամասնությունները նույնպես հարազատ են նայվում՝ ոչ վառ արտահայտված բեռնախցիկը միշտ էլ բնորոշ էր Ռոլս-Ռոյսներին մինչև հիսունական թվականները, ինչի վառ օրինակ են հանդիսանում Silver Wraith և Silver Dawn մոդելները:

Rolls-Royce Cullinan-ի բեռնախցիկը

Rolls-Royce Cullinan-ի անվային բազան ամբողջ երեսուն սանտիմետրով գերազանցում է  Bentley Bentayga-ն և համեմատելի է երկար անվային բազայով Cadillac Escalade ESV մոդելի հետ: Երկու սռնիների միջև 3295 միլիմետր տարածությունը խոստանում է թագավորական հարմարավետություն սրահում, իսկ արտաքինի տպավորչությանը նպաստում է նաև թափքի ընդհանուր 5341 միլիմետր երկարությունը: Ամենագնացը սարքավորվում է 6,75 լ ծավալով V12 շարժիչով, որը երկու տուրբինների շնորհիվ զարգացնում է 571 ձ.ուժ հզորությունը: Հետաքրքիր է, որ առավելագույն ոլորող մոմենտը՝ 850 Նմ (հասանելի է 1600 պտ/ր տիրույթում), զիջում է Rolls-Royce Phantom VIII-ի նույնանուն ցուցանիշին (900 Նմ):

Rolls-Royce Cullinan-ի հետևի նստատեղերը

Քրոսովերի ինտերիերն իրականացված է ապրանքանշանին բնորոշ ավանդական ոճով, որը ներառում է սիմետրիկ առջևի պանելը, բնական փայտի առատութունը ւ օդափոխման համակարգի կլոր մետաղական դեֆլեկտրոները: Հետևի շարքը կարող է իրականացվել եռատեղ ծալվող բազմոցի, կամ էլ երկու անհատական շքեղ նստատեղերի տեսքով, որոնց միջև առկա է ծավալուն արմնկակալը՝ շամպայնի բաժակների սեղանիկով: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այս օպցիաներն, ինչպես նաև բեռնախցիկի դռնից դուրս եկող բազկաթոռները առաջարկում են, օրինակ, նաև Range Rover-ները, մինչդեռ սրահը բեռնախցիկից անջատող ապակյա միջնորմը բացառապես Rolls-Royce-ի առանձնահատկությունն է: Այն թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել աղմուկի մակարդակը սրահում, այլև ավելի օպտիմալ կազմակերպել կլիմատ-կոնտրոլ համակարգի աշխատանքը:


Ենթադրվում է, որ Եվրապայում ավտոմեքենան կարժենա շուրջ 300 000 եվրո, իսկ առաջին հաճախորդները իրենց պատվերերը կստանան 2019 թ. վերջին: Cullinan-ի նախնական պատվերները սկսել են ընդունվել այս տարվա սկզբից:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio