ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պուտինի լիմուզինը առաջին անգամ ցուցադրվեց երդմնակալության արարողության ժամանակ:
07 Մայիս 2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ընթացքում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Կորտեժ» նախագծի լիմուզինը: Հերթական նախագահական ժամկետը ստանձնող Պուտինը դրանով հաղթահարեց մոտ 200 մետր՝ ժամանելով Կրեմլի Մեծ պալատ:
Լիմուզինի գաբարիտային երկարությունը կազմում է 6 մետր 62 սանտիմետր, լայնությունը երկու մետր է, բարձրությունը՝ 1,695 մետր, իսկ ճանապարհային լուսածերպը կազմում է 20 սանտիմետր: Ավտոմեքենան սարքավորվում է հիբրիդային ուժային համակարգով: Այն բաղակացած է 4,4 լիտր ծավալով և 600 ձ.ուժ հզորությամբ V8 բենզինային շարժիչից, մոտ 100 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական գեներատորից և 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփից, որը նախագծել է ռուսական KATE ընկերությունը: Մեքենան սարքավորված է նաև լիաքարշ համակարգով, իսկ դրա ամբողջական զանգվածը (զրահապատ տարբերակ) գերազանցում է 6000 կգ:
Ենթադրվում է, որ բացի այս հատուկ մոդելից, կթողարկվեն «Կորտեժ» սերիայի քաղաքացիական տարբերակներ՝ Aurus ապրանքանշանի ներքո: Այս անվանումը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը կազմված է Aurum (լատ.՝ «ոսկի») և Russia («Ռուսաստան») բառերից: Ինչպես հաղորդվում է, մոդելներն իրենց անվանումները կստանան Կրեմլի աշտարակների պատվին՝ «Սենատ», «Արսենալ» և «Կոմենդանտ»: Սրանցից առաջինը կօգտագործվի սեդանի և լիմուզինի համար, երկրորդը՝ մինիվենի, իսկ երրորդը՝ ամենգնացի, որը ենթադրաբար շուկա կհանվի 2019 թ. վերջին: Ըստ պաշտոնական տվյալների ավտոմեքենաների արժեքը կկազմի մոտ 10 միլիոն ռուբլի, չնայած մինչ այդ հայտարարվում էր, որ դրանց արժեքը տատանվելու է 6-7 մլն ռուբլու սահմաններում: Ավտոմեքենաների ազատ վաճառքը կսկսվի այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
«Կորտեժ» նախագիծը, որը ենթադրում է բարձրագույն պետական անձանց համար նախատեսված ավտոմեքենաների արտադրություն, մեկնարկել է 2013 թ.: Դրա մոդելային շարքը, բացի սեդանից, լիմուզինից, ամենագնացից և մինվենից, ենթադրաբար կհամալրի նաև կաբրիոլետը: Դրանց բոլորի համար կառաջարկվի ուժային ագրեգատների մի ամբողջ շարք, որը կներառի 245 ձ.ուժ հզորությմաբ քառագլան տուրբոշարժիչը, նախագահական լիմուզինի վրա արդեն իսկ տեղադրված V8-ը, ինչպես նաև քառատուրբին V12 շարժիչը՝ 860 ձ.ուժ հզորությմաբ:
Որոշ ժամանակ առաջ մենք պատմել էինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին դեմքերի համար արտադրվող և ադրեն իսկ ազատ վաճաքի հանված Hongji L5 մոդելի մասին: Համեմատությունները թողնում ենք մեր ընթերցողներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: