ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volvo-ն ներկայացրեց առաջին էլեկտրական բեռնատարը:
14 Ապրիլ 2018
Volvo Trucks ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր առաջին էլեկտրական բեռնատարը՝ FL Electric մոդելը: Աղմուկի ցածր մակարդակը թույլ կտա շահագործել ավտոմեքենան գիշերային ժամերին, իսկ վնասակար արտանետումների զրոյական մակարդակը՝ փակ տերմինալների տարածքներում և բնապահպանական գոտիներում:
16 տոննա զանգվածով բեռնատարի ուժային ագրեգատը բաղկացած է 252 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից (425 Նմ ոլորող մոմենտ), երկաստիճան փոխանցումային համակարգից և լիթիում-իոնային մարտկոցների բլոկից, որոնց տարողունակությունը տատանվում է 100-ից 300 կիլովատ-ժամ: Արագ լիցքավորման ռեժիմում մարտկոցները կարելի է լիցքավորել մեկ-երկու ժամում, իսկ կենցաղային էլեկտրացանցից սնուցման դեպքում այդ գործընթացը կպահանջի շուրջ 10 ժամ: Մեկ ամբողջական լիցքավորումից հետո Volvo FL Electric-ը կարող է հաղթահարել մինչև 300 կիլոմետր:
Volvo-ի էլեկտրական բեռնատարների առաջին գնորդները կլինեն Renova ընկերությունը, որը մասնագիտացված է աղբի հավաքման և վերամաշակման ոլորտում, և բեռնափոխադրումներով զբաղվող TGM կոնցերնը: Volvo FL Electric բեռնատարի զանգվածային սերիական արտադրությունը կսկսվի 2019 թ.:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվել էր նաև E-FUSO Vision One մոդելը, որը արտադրվում է Daimler-ին պատկանող Mitsubishi Fuso Truck and Bus Corporation (MFTBC) ընկերության կողմից: Այս էլեկտրական բեռնատարը մեկ լիցքավորումով կարող է անցնել մինչև 350 կիլոմետր և տեղափոխել 11 տոննա բեռ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: