ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-ն ընդդեմ Ferrari-ի: Մեկնարկեց Ֆորմուլա1 առաջնության 2018 թվականի առաջնությունը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01 Ապրիլ 2018
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի հանրահայտ Ալբերտ-պարկ մրցուղում կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2018 թ. մրցաշրջանի առաջին Գրան-պրին: Լարված պայքարում, որի արդյունքը որոշվեց տեխնիկական սպասարկան գոտում, Ferrari-ն ներկայացնող Սեբասթիան Ֆեթելը կարողացավ շրջանցել Mercedes-ի առաջատար Լյուիս Հեմիթոնին և նվաճել հաղթողի կոչումը: Սա գերմանացի մարզիկի 100-րդ մրցանակային ելույթն էր և 48-րդ հաղթանակը ողջ կարիերայի ընթացքում:
Մարտի սկզբին Բարսելոնայում կայացած թեստային մրցելույթների ժամանակ բոլոր օրերի լավագույն արդյունքը ցույց էր տվել Ferrari-ն: Մասնագետներին և միլիոնավոր երկրպագուներին հետաքրքրում էր՝ արդյոք վերջին տարիների անփոփոխ առաջատար Mercedes-ը իրոք զիջել էր դիրքերը, թե պարզապես փորձել էր մրցածրջանից առաջ խառնել մրցակիցների խաղաթղթերը: Այդ հարցի պատասխանը ակնհայտ դարձավ արդեն իսկ որակավորման փուլում, երբ Լյուիս Հեմիլթոնը ոչ մի կասկած չթողեց Շտուտգարտի թիմի հավակնությունների առումով՝ նվաճելով փոուլը Ալբերտ-պարկի մրցուղու համար ռեկորդային ցուցանիշով: Ի տարբերություն բրիտանացու՝ Մերսեդեսում նրա թիմակից Վալթերի Բոթթասը ջարդեց մեքենան և դուրս մնաց փոուլի համար պայքարից:
Մեկնարկը հաջող ստացվեց Հեմիլթոնի համար, որը պահպանեց առաջին դիրքը և թույլ չտվեց Ռայկկոնենին լուրջ գրոհ ձեռնարկել: Երրորդ տեղը զբաղեցնում եր Սեբասթիան Ֆեթելի Ferrari-ն: Ի տարբերություն այլ պիլոտների՝ հիանալի մեկնարկեցին Haas F1 թիմի մրցարշավորդները՝ Քևին Մագնուսենն ու Ռոմեն Գրոժանը, որոնք հայտնվեցին համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում:
Ողջ մրցափուլի համար որոշիչ իրադարձությունները տեղի ունեցան 20-ից 25-րդ շրջաններին: Այդ ընթացքում իրենց պիթ-ստոպները կատարեցին Ռայկկոնենն ու Հեմիլթոնը, և Mercedes-ին հաջողվեց պահպանել առավելությունը ֆինլանդացու նկատմամբ: Թվում էր, թե երրորդ տեղով ընթացող Ֆեթելն ընդհանրապես հնարավորություն չունի միջամտել երկու առաջատարների պայքարին: Սակայն այս պահին տեղի ունեցավ անհավանական մի բան՝ Haas-ի երկու բոլիդները մեկը մյուսի հետևից մտնելով պիթ-լեյն՝ դուրս գալու շրջանին ստիպված էին դադարեցնել շարժումը, քանի որ թիմի մեխանիկներին չէր հաջողվել պատշաճ կերպով ամրացնել անիվները: Այս պատճառով մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենան, և այն մրցարշավորդները, որոնք դեռևս չէին հասցրել փոխել անվադողերը, առավելություն ստացան մրցակիցների նկատմամբ: Հենց այս հանգամանքն էլ հաջողությամբ օգտագործեցին Ferrari-ում՝ թույլ տալով Ֆեթելին ոչ միայն առաջ անցնել թիմակցից, այլև ստանձնել մրցավազքի առաջատարի դերը:
Մնացած ժամանակահատվածում Հեմիլթոնը անընդհատ փորձեր էր ձեռնարկում վերադարձնել կորցրածը, սակյան Ալբերտ-պարկում, չնայած երեք DRS-գոտիների առկայությանը, վազանցելը գրեթե անհնար է, և եզրագծիծ մի քանի շրջան առաջ Mercedes-ը որոշեց բավարարվել երկրորդ տեղով՝ շարժիչն ու անվադողերը ավելորդ ծանրաբեռնվածության չենթարկելու համար: Երրորդը վանդակավոր դրոշակը տեսավ Կիմի Ռայկկոնենը:
Անհաջող որակավորումից հետո որոշակի հաջողություն գրանցեց երկրորդ Mercedes-ը: Վալերի Բոթթասն այնուամենայնիվ կարողացավ մրցափուլն ավարտել ութերորդ հորիզոնականում և վաստակել 4 միավոր, իսկ միավորային գոտում ամբողջ կազմով տեղ զբաղեցրին Ferrari-ն, Mercedes-ը, Red Bull-ը, McLaren-ն ու Renaul-ն:
Հաջորդ մրցափուլը տեղի կունենա Բահրեյնում ապրիլի 8-ին, իսկ առաջին փուլից հետո առաջնության աղյուսակների առաջին հինգ հորիզոնակններն ունեն հետևյալ տեսքը:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari – 25 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes – 18 միավոր
3. Կիմի Ռայկկոնեն, Ferrari – 15 միավոր
4. Դանիել Ռիկյարդո, Red Bull – 12 միավոր
5. Ֆերնանդո Ալոնսո, Mclaren – 10 միավոր
ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ
1. Scuderia Ferrari – 40 միավոր
2. Mercedes AMG Petronas Motorsport- 22 միավոր
3. Aston Martin Red Bull Racing – 20 միավոր
4. McLaren F1 Team – 12 միավոր
5. Renault Sport Formula 1 Team – 7 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: