ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նյու-Յորքում կայացավ Audi RS5 սպորտբեքի նորամուտը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 Մարտ 2018
Նյու-Յորքի ավտոսրահում կայացավ Audi RS5 մոդելի հինգդռնանի տարբերակի՝ Sportback-ի նորամուտը: Հինգերորդ սերիայի ավտոմեքենաների շարքում այսպիսի մոդիֆիկացիա ներկայացվում է առաջին անգամ: Ինչպես և կուպե տարբերակը՝ RS5 Sportback-ը համալրվում է Porsche Panamera-ի վրա տեղադրվող կրկնակի տուրբոմղիչով սարքավորված V6 ագրեգատով:
«Քաղաքացիական» տարբերակից նորույթն առանձնանում է ավելի մեծ օդակլանիչներով, առջևի և հետևի սփոյլերով, դիֆուզորով, ինչպես նաև արտանետման համակարգի օվալաձև խողովակներով: RS5 Sportback-ի բազային համալրումը ներառում է 19-դյույմանոց անվասկավառակներ, իսկ լրացուցիչ վճարի դիմաց կարելի է ստանալ նաև 20-դյույմանոցները: Սպորտկարի կախոցը յոթ միլիմետրով ավելի ցածր է, քան S5 Sportback-ինը:
Ուժային ագրեգատը՝ 2,9-լիտրանոց V6 կրկնակի տուրբոմղիչով շարժիչը, զարգացնում է 450 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ, որը հասանելի է պտույտների 1900-ից մինչև 5000 տիրույթում: Շարժիչը համադրվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Զրոյից մինչև 97 կմ/ժ արագությունը RS5 Sportback-ն ունակ է զարգացնել 3,9 վայրկյանում, իսկ այս հինգդռնանի մոդելի առավելագույն արագությունը կազմում է 280 կմ/ժ:
RS5 Sportback-ը սարքավորված է մշտական լիաքարշ համակարգով, որը բաշխում է քարշուժը առջևի և հետևի սռնիների միջև համապատասխանաբար 40%/60% համամասնությամբ: Սակայն անիվների տեղապտույտի դեպքում հնարավոր է կարգավորել ոլոորող մոմենտի բաշխումը՝ առջևի անիվներին հասցնելով դրա մինչև 85%-ը, իսկ հետևինին՝ 70%-ը: Որպես լրացուցիչ օպցիա RS5 Sportback-ը կարելի է համալրել հետևի սպորտային դիֆերենցիալով:
Audi RS5 Sportback-ի սարքավորումների ցանկը ներառում է նաև կաշեպատ սպորտային նստատեղեր ու ղեկանիվ, ալկանտարա կաշվով լրամշակված բարձիկներ ծնկների համար, կարմիր ներդիրներով անվտանգության ամրագոտիներ և սերիայի լոգոտիպը կրող գորգեր: Որպես օպցիա առաջարկվում են կարբոն-կերամիկական արգելակներն ու փոփոխական փոխանցումային հարաբերակցությամբ ղեկային կառավարման համակարգը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: