ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հինգ ամենաարագ Porsche ավտոմեքենաներն ըստ արտադրողի ռեյթինգի: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Մարտ 2018
Վաղուց հայտնի է, որ ավտոամեքենաների աշխարհում առաջնային չափանիշներից է ոչ թե զուտ արագությունը, այլ զրոյից մինչև 100 կմ/ժ արագացման համար անհրաժեշտ ժամանակը: Porsche ընկերությունը իր հանրահայտ TOP5 շարքում այս անգամ համեմատել է իր իսկ արտադրած առավել արագ մոդելները: Տպավորիչ հոլովակը անտարբեր չի թողնի սուր տպավորությունների սիրահարներին:
Բնականաբար հինգ առավել արագ Porsche-ների ցանկը հիմնականում համալրել են XXI-րդ դարում արտադրված համեմատաբար «թարմ» մոդելները: Գործարանային վարկանիշի «ամենատարեց» ավտոմեքենան նախորդ տասնամյակում թողարկած Carrera GT մոդելն է, որը համալրված է 612 ձ.ուժ հզորությամբ 5,7-լիտրանոց մթնոլորտային V10 շարժիչով: Հետևի քարշակմամբ այս ավտոմեքենան առաջին 100 կմ/ժ զարգացնում է 3,9 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժ: Բերված վարկանիշում այն հինգերորդն է:
Չորրորդ հորիզոնականը բաժին հասավ անցած տարվա աշնանը ներկայացված 680 ձ.ուժ հզորությամբ Porsche Panamera Turbo S E-Hybrid Sport Turismo ավտոմեքենային: Այս լիաքարշ հիբրիդային մոդելը ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով 0-100 կմ/ժ արագությունը զարգացում է 3,4 վայրկյանում՝ գրանցելով 310 կմ/ժ առավելագույն արագություն:
Երրորդ տեղում է 580 ձ.ուժ հզորությամբ 911 Turbo S կուպեն: Դրա ցուցանիշն է 2,9 վայրկյան մինչև «հարյուրը», իսկ առավելագույն արագությունը՝ 330 կմ/ժ:
Էլ ավելի արագ է երկրորդ հորիզոնականում տեղ զբաղեցրած 911 մոդելի առավել հզոր (700 ձ.ուժ) մոդիֆիկացիան՝ GT2 RS-ը: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագացման տեսանկյունից այն 0,1 վայրկյանով է գերազանցում Turbo S-ը, սակայն հաշվի առնելով, որ GT2 RS-ն առաջարկվում է հետևի քարշակմամբ, իսկ Turbo S-ը լիաքարշ է, սա իսկապես գերազանց ցուցանիշ է: Porsche 911 GT2 RS ավտոմեքենայի առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:
Եվ վերջապես մինչ օրս թողարկած ամենաարագ Porsche-ն արդեն իսկ արտադրությունից հանած հիբրիդային 918 Spyder (887 ձ.ուժ) հիպերկարն է: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով այն 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է ընդամենը 2,6 վայրկյանում: Տպավորիչ է նաև մոդելի առավելագույն արագությունը՝ 350 կմ/ժ:
Ամբողջական տեսանոյւթը կարող եք դիտել ստորև:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: