Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաղթահարել Անդերը: Techeetah թիմի պատմություն է կերտում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Փետրվար 2018

Չիլիի մայրաքաղաք Սանթյագոյում տեղի ունեցավ 2017-2018թթ Ֆորմուլա E առաջնության չորրորդ մրցափուլը: Ինչպես և մինչ այդ կայացած երեք մրցավազքերում, ասյտեղ էլ ծավալվեց անզիջում պայքար, որում հիմնական դերերը ստանձնեցին Renault-ի, Jaguar-ի և որքան էլ տարօրինակ է՝ չինական Techeeetah թիմի մրցարշավորդները: 

Պետք է նշել, որ Չիլիի կառավարությունը հետապնդում է ամբիցիոզ ծրագրեր՝ պատրաստվելով մինչև 2050թ երկրի տրանսպորտի մինչև 40%-ը փոխարինել էլեկտրական փոխադրամիջոցներով: Եվ այս գաղափարին համահունչ է նաև առաջին անգամ մայրաքաղաքում Formula E առաջնության մրցափուլի անցկացումը: Եվս մեկ գործոն՝ Չիլին համաշխարհային առաջատարներից է պղնձի և լիթիումի արտադրության ոլորտում, առանձ որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից էլեկտրական տեխնոլոգիաները: Ուրախալի է, որ Սանթիագոյի նեղ փոխոցները իրոք գրավիչ պայքար նվիրեցին երկրպագուներին:



Փոուլ-դիրքից մեկնարկեց Ժան-Էրիկ Վերնը՝ Techeeetah-ով, ում հետևում էին Սեբասթիան Բուեմին Renault e.dams-ից, և Վերնի թիմակից՝ Անդրե Լոթերերը: Էլ ավելի տպավորիչ էր Jaguar-ի փորձառու մրցարշավորդ Նելսոն Պիկե-կրտսերի մեկնարկը, որը սակայն մնաց ապարդյուն Խոսե-Մարիա Լոպեսի և Մարո Էնգելի վթարներից հետո, երբ մրցուղում հայտնվեց անվտանգության ավտոմեքենան: Մի քանի շրջան ավելի դանդաղ ռեժիմով ընթանալուց հետո՝ պիլոտները վերսկսեցին պայքարը: Վերնը պահպանեց առաջատարի դիրքը, սակայն Պիկեն կարողացավ շրջանցել Լոթերերին և դուրս եկավ երկրորդ տեղ: Որոշ ժամանակով մրցուղում իրավիճակը կայունացավ. մրցարշավորդները անցան տակտիկական պայքարի: Երբ մոտեցավ պիթ-ստոպի պահը, Պիկեն ստիպված էր գցել արագությունը մարտկոցի լիցքը խնայելու համար, ինչից օգտվեց Techeetah-ի երկրորդ պիլոտն ու անմիջապես շրջանցեց բրազիլացու Jaguar-ը: 



Պիթ-ստպոից հետո, երբ պիլոտները ըստ կանոնակարգի փոխեցին իրենց ավտոմեքենաները, Վերնն ու Լոթերերը շարունակեցին գլխավորել պելոթոնը, մինչ դեռ նրանց մեջքի հետևում նախորդ տարվա չեմպիոն և այս մրցաշրջանի գլխավոր անհաջողակներից մեկը՝ Լուկաս դի Գրասին հերթական անգամ բախվեց տեխնիկական խնդիրների և ստիպված էր լքել պայքարը: Այս ամենի ներքո Սեբասթիան Բուեմին կարողացավ հասնել Նելսոն Պիկեին և FanBoost-ի շնորհիվ (այս հնարքի մանրամասները կարող եք գտնել մեր հոդվածում) շրջանցեց այդ օրվա իր գլխավոր մրցակցին:  Առաջատարներն էլ իրենց հերթին որոշեցին անմասն չմնալ շոուից, և թիմակիցների միջև սկսվեց պայքար, որն ավարտվեց բախումով և միայն երջանիկ պատահարի շնորհիվ երկու պիլոտներն էլ անվնաս շարունակեցին պայքարը:


Ի վերջո երկու Techeetah-ներն էլ բարեհաջող հատեցին եզրագիծը՝ առաջին անգամ Formula E-ի պատմության մեջ գրանցելով թիմերից մեկի հաղթական դուբլը: Հենց այս հաղթանակի շնորհիվ էլ չինական թիմը գլխավորեց Կոնստրուկտորների գավաթի աղյուսակը, իսկ ժան-էրիկ Վերնը ստանձնեց անհատական հաշվարկի առաջատարի դիրքը: Առջևում Մեքսիկայի Գրան-պրին է, որը նույնպես ուշագրավ պայքար է խոստանում և որին մենք միասին կհետևենք Formula E առաջնության անվադողերի միակ մատակարար՝ Michelin ընկերության Հայաստանյան ներկայացուցչի՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:



ՄՐՑԱՐՇԱՎԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ 

Անհատական հաշվարկ

1. Ժ-Է.Վերն – 71 միավոր
2. Ֆ.Ռոզենքվիստ – 66 միավոր
3. Ս.Բյորդ – 61 միավոր
4. Ս.Բուեմի - 37 միավոր 
5. Ն.Պիկե – 33 միավոր

Թիմային հաշվարկ

1. Techeetah – 89 միավոր
2. Mahindra Racing – 87 միավոր
3. Virgin Racing – 69 միավոր
4. Panasonic Jaguar Racing - 54 միավոր
5. Renault e.dams – 44 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio